Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի բացասական խորհրդանիշը՝ դրանով իսկ վարկաբեկելով ոլորտն ամբողջությամբ և լեգիտիմացնելով իշխանության հեգնանքը մամուլի նկատմամբ՝ սկսեց հեգնել մամուլին, իսկ մամուլն էլ ավելի ագրեսիվացավ՝ փաստացի ավելացնելով «նիկոլիզմի» քարոզը։ Հետո Նիկոլը հաղթեց։ Եվ սկսվեց մամուլի պատմական առաքելությունը։
Երբ 2018-ի ապրիլի առաջին օրվանից ժողովրդավարությունը ջախջախվել էր, բարոյականությունը՝ մոռացվել, պատմական հիշողությունը՝ հօդս ցնդել, իսկ ՀԿ սեկտորը մեծամասամբ դարձել կոնյուկտուրային ու ծախու, քաղաքականությունն էլ այլևս չկար, միակ ուժը, որ կանգնեց Նիկոլի դեմ, մամուլն էր։
Գլխավոր խմբագիրներից մինչև լրագրողներ դարձան Հայաստանի, ժողովրդավարության և հայկականության կատաղի պաշտպաններ: Եթե չլիներ մամուլը, Հայաստանից չէր մնա նույնիսկ այն, ինչ մնացել է, կկորցնեինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև ամբողջ Արցախը` Սյունիքն էլ ներառյալ։
Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե դուք նայեք ովքեր առաջինը թուրը բարձրացրին «նիկոլիզմի» դեմ՝ ի հեճուկս կռապաշտ, Նիկոլի հետ սելֆի և նրա դեմքով դաջվածք անող ու երգ ձոնող հայաստանցիների և Սփյուռքի, կտեսնեք մարդկանց, ովքեր անձամբ ճանաչում էին Նիկոլին, միասին էին սկսել մասնագիտական գործունեությունը, ճանաչում էին նրա էությունը, հետևաբար հենց սկզբից գիտեին, թե ինչ արհավիրք է նա։ Աշխարհում քիչ են պատմական նախադեպերը, երբ մամուլը բառի բուն իմաստով չորրորդ իշխանություն է։ Այդպիսի երկրներից է Հայաստանը, և չնայած 2018թ.-ից մամուլի դեմ սկիզբ առած կատաղի պայքարին, այն շարունակում է պատվով տանել չորրորդ իշխանության դերը:
Ես չգիտեմ՝ ինչ է լինելու Նիկոլից հետո։ Բայց այսօր պետք է արձանագրել, որ մամուլը վստահ անցավ իր քավարանը ժամանակին «նիկոլիզմը» հանդուրժելու և տարածելու համար ու այժմ պատվով ապացուցեց, որ Հայաստանում կա ուժ, որը պետության և ժողովրդի մութ ժամանակներում իրենով փոխարինեց ԱԱԾ-ին, դատախազությանը, եկեղեցուն, մարդու իրավունքների կեղծ պաշտպաններին, Սփյուռքի կոմիտեին կամ ֆիզկուլտ ինստիտուտին։
Ես ձեզ չեմ շնորհավորում: Ես ձեզ ուղղակի ասում եմ շնորհակալություն:
Հ.Գ. Լուսանկարում արվեստի իմ ամենասիրելի գործերից մեկն է, որն իտալերեն կոչվում է «Disinganno», ասել է թե՝ «ազատում կապանքներից»: Այլաբանորեն այն խորհրդանշում է մարդու, ով պատառոտում է իրեն փաթաթված ցանցը և ազատվում կապանքներից: Եվ այդ գործում նրան օգնում է հրեշտակը, որի գլխավերևի կրակը խորհրդանշում է հավատը և բանականությունը։ Մեր ժողովուրդը կարող է ազատվել ստի, կեղծիքի ու չարի կապանքներից բանականության ու հավատի միջոցով. սա է գործի խորհուրդը»: