կարևոր
20890 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 13:02
Տնտեսական

Նոր տնտեսագիտություն կամ արդյո՞ք ՌԴ շուկան կարող է փոխարինվել

Նոր տնտեսագիտություն կամ արդյո՞ք ՌԴ շուկան կարող է փոխարինվել

Էքսպորտի կենտրոնի տնօրեն, արտահանման ոլորտում մասնագիտացած Ռուզաննա Մալխասյանն անդրադարձել է ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման շուրջ առաջացած ճգնաժամին, իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքներին, բերել մի շարք վիճակագրական փաստեր, դրանց հենքի վրա կատարել դիտարկումներ ու եզրահանգումներ:

Ստորև ներկայացնում ենք դրանք. 

«Հարգելի հայրենակիցնե՛ր և գործարարներ, ինչպես եք կարծում, եթե ՌԴ-ն, որը հանդիսանում է ՀՀ-ի արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժին ունեցողը 44% (իսկ մնացյալ երկրների ցանկը ըստ արտահանման մասնաբաժնի տեսե՛ք ստորև) չի ընդունում և սկսի առավել շատ չընդունել ՀՀ-ից արտահանվող ապրանքը, կարո՞ղ են արդյոք մյուս երկրները նույն քանակով ներմուծել ՀՀ-ից, ինչ ՌԴ-ն է ներմուծում ընդհանուր վերցրած։

ՊԱՏԱՍԽԱՆ – ՈՉ

ԻՆՉՈՒ

  • որպեսզի ՀՀ-ից ձուկ արտահանվի Եվրոպա, անհրաժեշտ է որպեսզի տվյալ ապրանքը ունենա բոլոր այն սանիտարական փաստաթղթերը և անհրաժեշտ սննդային սերտիֆիկատները, որոնք պահանջում է ներմուծող երկիրը։ ՀՀ-ն ոչ միայն չի կարող այդ քանակի սերտիֆիկատներ ապահովել, այլ նաև դա բավականին ժամանակատար է և ծախսատար,
  • արտահանման ժամանակ միշտ անհրաժեշտ է հաշվի առնել ճանապարհը և արդյոք ապրանքի առանձնահատկությունից ելնելով տվյալ տեսակի ապրանքը կարող է հատել այդքան ճանապարհ, ինչպես նաև ճանապարհածախսը, որը թանկացնում է ապրանքի արժեքը,
  • ցանկացած ապրանք 3-րդ երկիր արտահանելիս անհրաժեշտ է հաշվել նաև մաքսազերծման ծախսերը և առաջացող հարկերը,
  • նոր շուկաներ մուտք գործելը բավականին ժամանակատար է՝ ամիսներ և նույնիսկ տարիներ՝ կապված ապրանքների սերտիֆիկացման հետ և գնագոյացման հետ՝ մրցակցային դիրքեր ապահովելու համար։

Այսպիսով, հայտարարել, թե ՌԴ-ի փոխարեն հնարավոր է արտահանել այլ երկրներ, բացարձակ նոր Տնտեսագիտության տեսություն է, անհայտ բոլոր տնտեսագետների համար՝ ստեղծված էկոնոմիկայի հետ ոչ մի աղերս չունեցող մարդկանց կողմից, մանիպուլացնելու համար ժողովրդին։