կարևոր
766 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-25 09:18
Հասարակություն

Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ․ «Ժողովուրդ»

Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանության «սրտի փաստաբանները» դատավորին վիրավորում են, մնում՝ փաստացի անպատիժ, եւ նրանց չեն կալանավորում կամ գետնին չեն տապալում՝ 3-րդ իշխանությանը վիրավորելու համար:

Խոսենք փաստերով․

Այն, որ մարդկանց իրավունքները պաշտպանելը Հայաստանում դարձել է վտանգավոր, ակնհայտ է դառնում վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ ցուցաբերած դեպքերով:
Հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից. պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր՝ Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Մինչդեռ նա կոնկրետ որեւէ անձի չէր էլ վիրավորել: Հոկտեմբերի 17-ին Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին եւս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Հիմա հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ, օրինակ, գետնին չտապալեցին կամ կալանքի չտարան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը ՔՊ-ի՝ ԲԴԽ գիտնական թեկնածուն էր, սակայն այդպես էլ չընտրվեց:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին վիրավորելու համար, սակայն նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, դատավորին վիրավորելով)»:

Ըստ նախաքննական մարմնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական վարույթով անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ընտրովի արդարադատության ակնհայտ դրսեւորում է սա: Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: