Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Առայժմ Գազայի սարսափելի ճգնաժամի` ավելի լայն պատերազմի վերածվելու ռիսկերը մնում են ցածր, բայց դրանք ամբողջությամբ բացառել չենք կարող: Այս մասին է գրել բրիտանական «Գարդիան» պարբերականը՝ ներկայացնելով բոլոր այն հավանական սցենարները, որոնք կարող են Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերածել լայնամասշտաբ պատերազմի։
ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից եւ Գազայում Իսրայելի պատասխան ռմբակոծություններից անմիջապես հետո փորձագետները սկսեցին քննարկել էսկալացիայի հավանականությունը: Բայդենի վարչակազմը իր հերթին փորձել է կանխել ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի միջեւ մարտերի տարածումը Մերձավոր Արեւելքի այլ հատվածներում, միայն թե խնայեն այնտեղ գտնվող մոտ 45,000 ամերիկացի զինվորականներին հերթական չարաբաստիկ պատերազմից:
«Էսկալացիան» եզակի նշանակություն չէ, որ ունի: Ոմանց համար դա նշանակում է մահվան ու ավերածությունների մեծ աճ այն բանից հետո, երբ առնվազն մեկ պատերազմող կողմ սկսում է օգտագործել զենքեր, որոնք շատ ավելի հզոր են, քան նախկինում կիրառվել է: Մյուսների համար էսկալացիան վերաբերում է այն պատերազմներին, որոնք տարածվում են այն պատճառով, որ լրացուցիչ երկրներ կամ զինված խմբեր որոշում են միանալ մարտերին: Իսրայելի պատերազմը Գազայում արդեն սրվել է այս երկու առումներով, թեեւ ընդամենը սահմանափակ չափով:
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի օգտագործվելիք կրակի ուժգնությունն ու մասշտաբը զգալիորեն աճել են, նույնիսկ նախքան հոկտեմբերի վերջին նրա ցամաքային ներխուժումը սկսելը: Ըստ վերջին գնահատականների՝ Գազայի տների 70%-ը եւ մնացած բոլոր շենքերի կեսը վնասված կամ քանդված են: Ավելի քան 22,000 բնակիչ սպանվել է, իսկ 85%-ը տեղահանվել է իրենց տներից, այն էլ 90 օրվա ընթացքում: Ավերածությունների մեծությունը դրդել է համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դրեզդենի ու Համբուրգի դաշնակիցների ռմբակոծությունների հետ:
Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը ընդլայնվել է նաեւ այլ վայրերում։ Իսրայելի ու Լիբանանի սահմանի երկայնքով ամեն օր բախումներ են տեղի ունենում Իսրայելի եւ Իրանին միացած շիա աշխարհազորային «Հեզբոլլահի» միջեւ: Մոտ 150,000 մարդ լքել է Իսրայելի հյուսիսն ու հարավային Լիբանանը։ «Հեզբոլլահ»-ին սահմանից հեռացնելու եւ հարցի լուծումը գտնելու նպատակով՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերով հանդերձ, կրակահերթերը շարունակվում են:
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվում է իրանական վստահված անձանց վրա Սիրիայի կողմից վերահսկվող տարածքում՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության համակարգերը, զենքի պահեստները եւ նույնիսկ իրանցի բարձրաստիճան գեներալներին: Եմենում հութիները՝ Իրանի հետ կապված մեկ այլ աշխարհազորային, ավելի քան երկու տասնյակ հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովի նավագնացության ուղիների վրա՝ դրդելով ԱՄՆ-ին ստեղծել միջազգային ծովային դաշինք՝ պահպանելու նավարկության ազատությունը եւ 11 այլ երկրների հետ միասին նախազգուշացում տալու՝ դադարեցնել կամ դիմակայել հետեւանքներին:
Այդուհանդերձ, տարածաշրջանի խոշոր տերությունները պայքարի մեջ չեն մտել. բայց կան հավանական սցենարներ, որոնց դեպքում կարող է նման բան տեղի ունենալ՝
Դրանցից մեկը ենթադրում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա, գուցե ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կողմից «Հեզբոլլահի» դեմ հարձակումներին կամ իսրայելական ռազմական հարվածին Սիրիայում, որոն հետեւանքով սպանվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազմաթիվ սպաների: Իսրայելն արդեն սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի սպաների՝ Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր, այդ թվում՝ Սուրբ Ծննդյան օրը գեներալ սեյեդ Ռազի Մուսավիին, որը վերահսկում էր իրանական զենքի մատակարարումը «Հեզբոլլահին»:
Էսկալացիայի մեկ այլ ուղի կարող է լինել Իրանի պատասխան գործողությունը՝ իր հովանավորությամբ Եմենում բնակվող հութիների վրա ամերիկյան հարձակմանը։ Տարբերակ, որը, ըստ տեղեկությունների, դիտարկել է Բայդենի վարչակազմը: Դեկտեմբերի 31-ին ամերիկյան կործանիչը խոցեց հութիների հրթիռները, որոնք թիրախավորել էին բեռնատար նավը Կարմիր ծովում, այնուհետեւ կրակել հութիների նավերի վրա, որոնք հարձակվել էին նույն նավի վրա՝ սպանելով Հութիի զինյալներին:
Այնուամենայնիվ, նման միջադեպերը, ամենայն հավանականությամբ, չեն ստիպելու Իրանին ուղղակիորեն թիրախավորել Իսրայելը կամ ամերիկյան ռազմանավերը: Իրանի առաջնորդները գիտակցում են, որ Իսրայելը դա համարում է իր համար ամենամեծ սպառնալիքը եւ կոշտ կպատասխանի, եթե Իրանը անխոհեմ որոշում կայացնի ուղիղ Իսրայելի տարածքը թիրախավորելու համար: Բացի այդ, Իրանը չի կարող բացառել ԱՄՆ-ի հարձակման հավանականությունը, եթե Իսրայելը հայտնվի երկճակատ պատերազմի մեջ:
Որեւէ ապացույց չկա, որ «փողոցի» ճնշումը կստիպի արաբական որեւէ խոշոր պետության՝ դիմելու ռազմական միջամտության
Պատերազմը կարող է տարածվել նաեւ, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա՝ պահանջելով դադարեցնել աջակցությունը «Հեզբոլլահին», մասնավորապես, եթե վերջինս հարավային Լիբանանից հրթիռների ու ռակետների խմբաքանակ արձակի իսրայելական քաղաքների ու բնակավայրերի վրա։ Սակայն գործնականում «Հեզբոլլահը» ընտրել է միջին ռազմավարություն՝ ներգրավելով լոկալ հարձակումներ սահմանի երկայնքով իսրայելական ռազմական հենակետերի ուղղությամբ, բայց այնուամենայնիվ, խուսափելով այնպիսի մասշտաբի հարվածներից, որոնք կարող են զգալի զոհեր պատճառել իսրայելական զորքին ու հանգեցնել լայնածավալ պատերազմի: Իսկ Իսրայելի պաշտպանության բանակը ցուցադրել է «Հեզբոլլահին» պատժելու լայն կարողություն՝ առանց Իրանին ուղղակի հարված հասցնելու կտրուկ քայլի:
Արաբական երկրների՝ պատերազմի մեջ մտնելու հեռանկարները նույնպես փոքր են։ Գազայի վրա Իսրայելի անողոք հարձակումների հետեւանքով առաջացած հսկայական զոհերի թիվը զայրույթ է առաջացրել ու ցույցերի առիթ դարձել արաբական աշխարհում, օրինակ՝ Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում, որպես հակազդեցություն Իսրայելի հետ հարաբերությունների (անցյալ կամ հեռանկարային) նորմալացման դեմ:
Այնուամենայնիվ, որեւէ ապացույց չկա, որ «փողոցի» ճնշումը կստիպի արաբական որեւէ խոշոր պետության՝ դիմելու ռազմական միջամտության՝ Գազայի բնակիչներին աջակցելու համար: Արաբական երկրները ցանկանում են, որ պատերազմը Գազայում հնարավորինս շուտ ավարտվի, ինչը, հավանաբար, կկանխի արաբների անմիջական մասնակցությունը։ Ավելին՝ այդ պետություններից մի քանիսը, հատկապես Եգիպտոսը քիչ համակրանք ունեն ՀԱՄԱՍ-ի հանդեպ:
Անշուշտ, Գազայում պատերազմը սարսափելի է, բայց դրա սրման ռիսկերը մնում են ցածր, բայց դրանք ամբողջությամբ բացառել հնարավոր չէ:
Թարգմանությունը՝ Մեղրի Ղուկասյանի