Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկայում իրականացվում է միասնական, ոչ մրցակցային գնային քաղաքականություն. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Այս ընթացքում որոշ տնտեսվարողներ կարող էին էժանացնել վառելիքը, գերշահույթ չստանալ, փոխարենը վնասը վերականգնել պահանջարկի հաշվին, սակայն դա տեղի չունեցավ, և բոլորը գները համատարած բարձրացրեցին և նույն բիզնես քաղաքականությունը վարեցին»,- նշեց նա:
Պարսյանի խոսքով՝ 2017-ին 9 տոկոսով ավելի բենզին և դիզվառելիք է ներմուծվել Հայաստան, քան 2016-ին: Դիզելային վառելիքը, եթե նախորդ տարեսկզբին 390 դրամ էր, ապա այսօր այն արժե 430 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի բենզինն այսօր հնարավոր է ձեռք բերել 440 դրամով: Սեղմված գազի գինն էլ բարձրացել է 20 դրամով:
Տնտեսագետի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքի հետևանքով առաջացած թանկացման ամբողջ բեռը խոշոր տնտեսվարողները թողել են սպառողների վրա: «Գնաճն անխուսափելի է, սակայն այն պետք է լինի կարգավորվող»,- ասաց նա և հավելեց. «Երբ տվյալ երկրի տարածքում ներկայացված են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, հատկապես` միջազգային կորպորացիաների ներկայացուցիչներ, այդ շուկայում մրցակցությունն ավելի բարձր մակարդակում է, և մեկ կամ երկու տնտեսվարողի գործողություն չի կարող ազդել շուկայի վրա»:
Պարսյանի խոսքով՝ մեր տնտեսության մեջ պետք է գործարար մշակույթի փոփոխություն իրականացվի, որը պետք է ուղեկցվի միջազգային կազմակերպությունների, կորպորացիաների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Ըստ նրա՝ գնագոյացման շուկան կարգավորելու համար պետությունը պետք է վերահսկի կամ կարգավորի մեծածախ շուկան, օրինակ` մեծածախ վաճառքն իրականացվի էլեկտրոնային աճուրդներով և այլն: Տնտեսագետը հնարավոր է համարում նաև պետության կողմից դիզվառելիքի և բենզինային վառելիքի ներմուծումը, որն, ըստ նրա, էական ազդեցություն կունենա շուկայում գնագոյացման վրա:
Խոսելով բենզինի, դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Flesh» և «CPS» ընկերությունների վարած քաղաքականության մասին` Պարսյանը հիշեցրեց, որ դեռևս 2012-ին «CPS» ընկերությունը տուգանվել էր 100 մլն դրամի չափով այն բանի համար, որ իրականացրել էր մանրածախ վաճառք՝ վնասելով մասնավոր բենզալցակայաններին: «Մինչև 2010 թվականը Հայաստանում կային բազմաթիվ մասնավոր փոքր բենզալցակայաններ, սակայն խոշոր տնտեսվարողների վարած քաղաքականության հետևանքով դրանք վերացան: Արդյունքում` խոշոր ընկերությունը պատժվելուց հետո շարունակեց իր գործունեությունը, մինչդեռ տուժած բենզալցակայանները որևէ փոխհատուցում չստացան»,- ասաց նա:
Սուրեն Պարսյանը միաժամանակ անդրադարձավ բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի գնաճի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի տարածած պարզաբանմանը: Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Մասնավորապես` կան հիմնավորումներ, որոնք նոր հարցերի տեղիք են տալիս: Օրինակ` ՏՄՊՊՀ-ի այն պարզաբանումը, թե ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ճիշտ չէ, քանի որ հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի դրույքաչափը կախված չէ մաքսային արժեքից:
Նշենք, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:
ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն` ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը` 60, իսկ բնական սեղմված գազի 1 խմ-ը` 20 դրամով: