Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և արդյունավորման գործում: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը գոհունակությամբ ընդգծեց նաև Բելգիայի հայ համայնքի ներդրումը հայ-բելգիական հարաբերությունների սերտացման գործում։ Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի Թագավորությանը Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, արցախյան հակամարտության ընթացքում Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանն ինպաստ որդեգրած դիրքորոշումների, ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությունների և դժվարին այս ժամանակներում Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։
Անդրադառնալով մեր երկրի և ժողովրդի առջև ծառաց անվտանգային և գոյաբանական հարցերին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության, ինչպես և Բելգիայի Թագավորության կողմից ազդու միջոցների գործադրումը։
Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ Դե Մույնքն իր խոսքում անդրադարձավ տարբեր ոլորտներում հայ-բելգիական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին։ Դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը։ Դեսպանը նաև տեղեկություններ փոխանցեց Բելգիայում բուժում ստացող Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիների առողջական վիճակի մասին։