կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 23:26
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

Հունվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանին (նստավայրը` Թեհրան):

 Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունն առավել կնպաստի երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացմանն ու խորացմանը:

 Անդրադառնալով Ուրուգվայում հայոց կյանքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ շնորհիվ Ուրուգվայի իշխանությունների ջերմ ու հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանության տարիներին երկրում ձևավորված հայ համայնքը հնարավորություն ունի ազատորեն ապրելու իր ազգային, հոգևոր և մշակութային կյանքով: Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ Ուրուգվայը աշխարհում առաջինն է պաշտոնապես ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը:

 Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպանը ևս անդրադարձ կատարեց իր առաքելությանը` հավաստիացնելով, որ ջանալու է է՛լ ավելի խթանել երկու երկրների միջև առկա համագործակցությունը: Ուրագվահայ համայնքի առնչությամբ դեսպանն ընդգծեց, որ այն սիրված ու գնահատված է:

 Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելության մասին:

 Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերեց դեսպանին: