կարևոր
4120 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-14 14:21
Աշխարհ Քաղաքական

Արեւմուտքը կարող է Կիեւին ստիպել  խաղաղ բանակցություններ սկսել

Արեւմուտքը կարող է Կիեւին ստիպել  խաղաղ բանակցություններ սկսել

Արեւմտյան երկրները կարող են ստիպել Ուկրաինայի իշխանություններին խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության սրման պատճառով։ Ըստ ամերիկյան Military Watch Magazine պորտալի, քանի որ Ուկրաինան գնալով անկարող է դառնում հասնել ռազմական նպատակներին, օգնությունների ուղղումը դեպի Իսրայել, թույլ կտա արեւմտյան բլոկին պահպանել սեփական իմիջը, դրանով իսկ հնարավոր կլինի նվազեցնել ներդրումների ծավալը Ուկրաինայի ռազմական գործողությունների համար եւ ճնշում գործադրել Կիեւի պաշտոնյաների վրա՝  նստելու բանակցությունների սեղանի շուրջ:

Պորտալը գրել է, որ վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը ակնհայտորեն ձախողել են իրենց հակահարձակումը եւ բանակի զոհերի թիվը տասնյակ հազարների է հասել։

Հոդվածում նշվում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում իրավիճակի վատթարացումը կարող է լրջորեն թուլացնել ռազմական գործողությունները շարունակելու Կիեւի կարողությունները։ Ամբողջ Արեւմուտքում ուկրաինական դրոշները, որոնք ծածանվել էին ի նշան համերաշխության, փոխարինվել են արդեն նոր հակամարտող կողմերից՝ Իսրայելի դրոշներով։

Թեեւ Իսրայելն արդեն իսկ ստացել է ամերիկյան կալանիչ հրթիռներ իր Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի համար, սակայն Իսրայելի ցամաքային զորքերի հնարավոր զանգվածային հարձակումը Գազայի, կպահանջի նույն տեսակի զենքեր, որոնք ներկայումս պահանջում է Ուկրաինան:

CNN-ի տեղեկություններով՝ Պենտագոնը հրահանգել է պաշտպանական ոլորտի արտադրողներին արագացնել իսրայելական պատվերների կատարումն ու «աշխատել  շուրջօրյա ռեժիմով՝  գտնելու զինամթերքի լրացուցիչ պահեստներն ամբողջ աշխարհում եւ դրանք արագ տեղափոխել Իսրայել»: Երկարատեւ պատերազմի մասին Իսրայելի կառավարության հայտարարությունները փաստում են, որ զինամթերքի լայնածավալ մատակարարումներ են անհրաժեշտ։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը նույնպես կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող գործել երկու ճակատում եւ միաժամանակ աջակցել ե՛ւ Ուկրաինային ե՛ւ Իսրայելին։ Նրա խոսքով՝ Ամերիկայում իսրայելամետ լոբբին շատ ավելի ուժեղ է, քան ուկրաինամետ լոբբին։ Ստեղծված իրավիճակում առաջնահերթություն է տրվելու Իսրայելին զենքի տրամադրմանը։ Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինան այլեւս զենք չի ստանա։ Փորձագետը մատնանշել է այն փաստը, որ այն զենքերը, որոնք Վաշինգտոնը Կիեւին էր խոստացել դեռ չկան եւ մոտ ապագայում չեն արտադրվի։

Քանի որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ու լրատվամիջոցները քիչ կարծիք են հայտնում իրենց գործողության շրջանակից դուրս ընդհանուր քաղաքականության մասին, քիչ հավանական է, որ խմբավորումն իր գործողություններով նպատակ ունենա ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալ կամ խոչընդոտել Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական դիրքերը: Այնուամենայնիվ, այս նոր լարվածությունը, որը համընկնել է Ուկրաինային տրամադրվող օգնության շուրջ աճող տարաձայնություններին, նշանակում է, որ պաղեստինա-իսրայելական պատերազմը կարող է շրջադարձային կետ լինել Արեւելյան Եվրոպայում ընթացող պատերազմի համար։ Հիմա, երբ ավելի ու ավելի է նվազում Ուկրաինայի դիրքերը, օգնության շեղումը դեպի Իսրայել հնարավորություն կտա Արեւմտյան բլոկին  փրկել սեփական իմիջը, նվազեցնել ներդրումները ռուս-ուկրաինական հակամարտությունում եւ ստիպել Կիեւին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: