Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված իր հարցազրույցում խոսել է իր կողմից Գրանադայում միակողմանիորեն ստորագրած հերթական կապիտուլյացիայի մասին՝ փորձելով գտնել արդարացումներ։ Նա մասնավորապես արդարացրել է Ադրբեջանի կողմից հայկական 8 գյուղեր պահանջելը՝ իբր դրա դիմաց Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական այլ հողակտորներ և Արծվաշենը ստանալու տեսական հնարավորությամբ։
Բացատրենք, թե ինչու է այս պնդումը հերթական կապիտուլյացիայի հերթական մերկապարանոց արդարացումը, և թե ինչու է Գրանադայում Ն․ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հանցագործություն Հայաստանի Հանրապետության դեմ։
Գրանադայում Ն․ Փաշինյանն ստորագրել է հայտարարությունը միակողմանի։ Այսինքն՝ նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ քարտեզի հիման վրա, ինչով լեգիտիմ իրավունք է տվել Արդբեջանին պահանջելու և ստանալու այսպես կոչված անկլավները։ Ադրբեջանն այդ հայտարարությունը չի ստորագրել։ Այսինքն՝ ո՛չ Արծվաշենը, ո՛չ իր կողմից օկուպացված մնացած տարածքներն Ադրբեջանը Հայաստանի մաս չի ճանաչել և չի պատրաստվում վերադարձնել։
Սթափ դատողություն ունեցող ցանկացած մարդու համար պարզ է, որ ուժի դիրքերից խոսող Ադրբեջանը ոչ միայն պարզապես ոչինչ չի զիջելու Հայաստանին, այլ նաև պատերազմով գալու է Ն․ Փաշինյանի կողմից իրենը ճանաչված տարածքների հետևից՝ որպես լեգիտիմ առիթ վկայակոչելով Գրանադայի ստորագրությունը։
Անգամ եթե ամեն ինչ Ն․ Փաշինյանի «ճանապարհային քարտեզով» լիներ, ըստ որի՝ հայելային հետքաշում պետք է լիներ, ապա այն, ինչ սկուտեղի վրա առաջարկվում է Ադրբեջանին, և ինչ տեսականորեն կարող է ստանալ Հայաստանը որակապես անհամեմատելի են։ Հայաստանն այդպիսով զրկվում է դեպի Իրան և դեպի Վրաստան պետական ճանապարհների հանդեպ վերահսկողությունից և մի շարք այլ ռազմավարական հանգույցներից։
Այսպիսով՝ Գրանադայի ստորագրությամբ Ն. Փաշինյանը կոպտորեն հարվածել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությանը՝ այդպիսով հերթական անգամ խախտելով ՀՀ անկախության հռչակագիրը և սահմանադրությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն Հայաստանի Հանրապետության դեմ, և արդարացումներն այստեղ տեղ չունեն»։