կարևոր
4321 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 20:35
Հասարակություն

Լարսում հայկական բեռները կանգնած են. նախարարը չգիտի պատճառը

Լարսում հայկական բեռները կանգնած են. նախարարը չգիտի պատճառը

Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են. «Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։

Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։

Նախարարը նաև հավելեց, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես քանի բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշեց, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։

Նա նաև ավելացրեց, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:

Աղբյուրը՝  Aysor.am