Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսել, 28 սեպտեմբերի 2023 – «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը, որը բաղկացած է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներից, հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում հրավիրում է համաեվրոպական հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության և արցախահայության։
Բողոքի ակցիան տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։
Համաեվրոպական հանրահավաքի մասնակիցները
1. Դատապարտում են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում։
2. Դատապարտում են Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին՝ 2020 թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու, այդ թվում նաև արցախահայության անվտանգությոունը, իր իսկ հայրենիքում չապահովելու համար։
3. Եվրոպական միությունից պահանջում են արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի բոլոր արցախահայերի, ինչպես նաև ապրանքների, բեռների անվտանգ, անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
4. ԵՄ-ից պահանջում են թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության և վերջինիս բռնի տեղահանման համար։
5. Դատապարտում են ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցությունը Արցախի «ինտեգրմանը» Ադրբեջանին, չնայած ակնհայտ հեռանկարին, որ դա նշանակում է արցախահայության պարտադրված արտագաղթ իր հազարամյա հայրենիքից կամ էլ արցախահայության հպատակեցում բռնապետական խիստ վտանգավոր պայմաններում։
6. Պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պաշտպանել են Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունը, քանի որ դա օժանդակել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ։
7. Պահանջում են ադրբեջանական զինուժից անհապաղ դադարեցնել Արցախի բոլոր հայկական քաղաքների, գյուղերի օկուպացիան և պաշարումը, հեռացնել իր ռազմական ներկայությունը Արցախից և հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։
8. Պահանջում են, որ Ադրբեջանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ռազմագերիներին և պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո:
9. ԵՄ-ին կոչ են անում են ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը՝ որպես գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության պայմաններում։
Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլև անտեսում է իր միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի՝ 2020 թվականից ընդունած համապատասխան բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի փորձագետների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կոչերը։