կարևոր
2263 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-27 10:38
Քաղաքական

Արցախը կորսված է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի կողմից լքված լինելուց հետո

Արցախը կորսված է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի կողմից լքված լինելուց հետո

Անցյալ շաբաթ աշխարհասփյուռ հայությունն ապրեց իր կյանքի մեծագույն ողբերգություններից մեկը, երբ Ադրբեջանը գրավեց Արցախը։

120 հազար արցախահայեր՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, իրենց պատմական հայրենիքում հարձակման ենթարկվեցին նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից և Արևելյան Եվրոպայից ներմուծված ժամանակակից զենքերով։

Հիմնական չարագործներն Ադրբեջանն ու նրա գործընկեր Թուրքիան են, որոնք մեղավոր են Արցախի ժողովրդի դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների մեջ։

Սակայն, մի քանի այլ մեղավորներ կան: Ուզում եմ սկսել այն ամոթալի դերակատարությունից, որն ունեցել է Հայաստանի Հանրապետության վարչապետն այս արհավիրքի մեջ։ 2001 թվականից սկսած, երբ Փաշինյանն անհայտ լրագրող էր, նա իր «Հայկական ժամանակ» թերթում գրել էր, որ «ես չեմ ընդումում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ [Արցախի] տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին… Մերը [հողը] թողած՝ ուզում ենք տեր լինել ուրիշին»։ Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը բազմաթիվ հակասական հայտարարություններ արեց Արցախի վերաբերյալ՝ նախ վճռականորեն հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո՝ «Արցախը Ադրբեջանի մաս է»։ Թեև մի լրագրողի խոսքերը կարող են նշանակություն չունենալ, սակայն նրա՝ որպես վարչապետի հայտարարությունները չեն կարող անտեսվել։ Խաղն ավարտված է… Արցախը կորսված է, և այս իրականությունը հնարավոր չէ փոխել երկար ժամանակ։ Ինչպես միշտ, Փաշինյանն իր չարագործությունների համար մեղադրում է բոլորին, այդ թվում՝ նախկին ղեկավարներին, ներքին ընդդիմությանը և Ռուսաստանին։

Իրավիճակն ավելի սրելով, Փաշինյանը ձեռքերը լվաց Արցախից և հորդորեց նրա ղեկավարներին իրենց տարաձայնությունները հարթել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը հիմնականում վատ զինված 120 հազար արցախահայերին նետեց ադրբեջանական կատաղի գայլի երախը։ Ինչպե՞ս կարող է փոքրիկ Արցախը բանակցել հզոր Ադրբեջանի հետ։ Փաշինյանն անտեսեց այն հանգամանքը, որ արցախահայերը պաշտպանելն իր սահմանադրական պարտականությունն էր, քանի որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Նա ամիսներ շարունակ ծիծաղելի խոստում էր տալիս, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են Ադրբեջանի քաղաքացի դառնալուց հետո։ Անհավատալիորեն, Փաշինյանն անցյալ շաբաթ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ Արցախում հայ խաղաղ բնակիչների կյանքն ապահով է Ադրբեջանի հարձակումից հետո։ Քիչ անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անվտանգության խորհրդում հայտարարեց, որ Ադրբեջանը զբաղված է արցախահայերի էթնիկ զտմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարն անմիջապես ՄԱԿ-ին հայտնեց երկու հայ ղեկավարների հակասական հայտարարությունների մասին՝ դրանով իսկ վարկաբեկելով Հայաստանի հեղինակությունը ողջ աշխարհի առաջ։ Այդ ընթացքում, հարյուրավոր արցախահայեր զոհվեցին ու վիրավորվեցին, իսկ հազարավորներն էլ անհետ կորան Ադրբեջանի հարձակման հետևանքով։

Անցյալ շաբաթ, երբ Ադրբեջանի ուժեղ զինուժը ներխուժեց Արցախից մնացած հատվածը, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի խառնվելու հակամարտությանը՝ դրանով իսկ կանաչ լույս վառելով Ադրբեջանի առաջ՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ամեն տեսակ սարսափելի հանցագործություններ կատարելու համար։ Փաշինյանը սխալ պատկերացում ուներ, որ երբ Արցախը վերադարձվի Ադրբեջանին, Հայաստանցիները կապրեն խաղաղության մեջ։ Ցավոք սրտի, սա ճշմարտությունից շատ հեռու է։ Ադրբեջանի նախագահը, իր առջև տեսնելով ռազմական առումով թույլ Հայաստանն ու նրա ղեկավարին, որը չի իմանում, թե ինչ է անում, կանգ չի առնի Արցախը նվաճելուց հետո։ Ալիևը շարունակելու է թուլացած Փաշինյանից զիջումներ պահանջել և Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ տարածքներ գրավել։ Ալիևը բազմիցս ու կեղծորեն հայտարարել է, որ ամբողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի զորքերը գրավել են Հայաստանի տարածքի մի մասը և մտադիր չեն հեռանալ։ Իմ մտավախությունն այն է, որ Ալիևը շարունակելու է ներխուժումները Հայաստան, մինչև որ տիրանա ամբողջ երկրին։ Ուստի Փաշինյանի այն պնդումը, թե հայերը Հայաստանում հանգիստ կապրեն խաղաղության մեջ Արցախը լքելուց հետո, անմտություն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արագորեն շահարկեց Փաշինյանի կապիտուլյացիան և բազմիցս ասաց աշխարհին՝ քանի որ Հայաստանի վարչապետն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա այդ շրջանն իր երկրի ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանի ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս հայտարարեցին, որ Փաշինյանն է, որ զիջել է Արցախը։

Այդուհանդերձ, Ռուսաստանն ունի մեղքի իր բաժինն այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում վերջին երեք տարիներին, և ինչ տեղի ունեցավ Արցախում անցած շաբաթ։ Ռուս խաղաղապահները, որոնց 2020 թվականի համաձայնագրով հանձնարարվել էր պաշտպանել Արցախի բնակչությանը և բաց պահել Լաչինի միջանցքը մինչև 2025 թվականը, բոլորովին ձախողեցին կատարել իրենց պարտականությունները։ Ռուսաստանը նույնիսկ չփորձեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, ինչպես պահանջում է Հայաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մի քանի այլ հանրապետությունների միջև ստորագրված ՀԱՊԿ պայմանագիրը։ Ռուսաստանի անգործությունը և Փաշինյանի՝ Արցախից հրաժարվելը հանգեցրին 120 հազար արցախահայության կրած վիթխարի մարդկային ողբերգությանը։

Միջազգային հանրությունը նույնպես մեղավոր է արցախահայերի տառապանքներն անտեսելու մեջ, որոնք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ինն ամիս սոված մնալուց հետո, կորցրեցին իրենց պատմական հայրենիքը։ Բազմաթիվ անօգուտ խոսքեր ասելուց բացի, աշխարհում ոչ ոք մատը մատին չխփեց այս մարդկանց փրկելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար: Բոլոր միջազգային օրենքները, մարդու իրավունքները, արդարության մասին հասկացությունները փուչիկ էին: Նույնքան անօգուտ էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրամիությունը, Եվրոպական խորհուրդը և բազմաթիվ երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունները: Ինչպես մենք բոլորս գիտենք՝ ուժն է ծնում իրավունք։ Ուրիշ ոչինչ նշանակություն չունի:

Այժմ աշխարհասփյուռ հայության առաջնահերթ խնդիրն է՝ անհապաղ հեռացնել Փաշինյանին, քանի որ նա մերժում է հրաժարական տալ և ամեն օր ավելի խոր փոս է փորում Հայաստանի համար։ Եթե Փաշինյանին շուտով չփոխարինի մի հմուտ և ազգայնական ղեկավար, որը կպաշտպանի Հայաստանի շահերը, հայ ժողովուրդը կարող է ի վերջո կորցնել իր հայրենիքը, այս անգամ ընդմիշտ…

Փաշինյանին փոխարինելուց հետո Հայաստանի նոր ղեկավարը պետք է մի կողմ դնի մնացած բոլոր հարցերը և անհապաղ զբաղվի հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն ձեռքբերումով՝ երկրի սահմանները հետագա ներխուժումներից պաշտպանելու համար։

Հազարամյակներ շարունակ սին հույսեր տածելուց և սպասելուց հետո, որ օտար ուժերը կգան և կփրկեն Հայաստանը, վաղուց ժամանակն է, որ հայերը վերջապես գիտակցեն, որ ոչ ոք երբեք չի գալու իրենց փրկի: Իրենք պետք է իրենց փրկեն…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի