Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 15 թեկնածու: Եթե բոլորին հաջողվի վճարել ընտրագրավը, ապա՝ ինքնաբացարկ չհայտնել, ուրեմն այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենաառատն են լինելու` թեկնածուների առումով: 2008-ին, օրինակ, մասնակցում էր 9 թեկնածու, 2003-ին՝ եւս, 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին էլ` 6 թեկնածու:
Գալիք ընտրությունների մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ թեկնածուների մի մասի անունը ծանոթ է գրեթե միայն իրենց հարազատներին ու ընկերներին կամ նրանց, ում մեկ-երկու անգամ պատահաբար հանդիպել-ծանոթացել են: Լայն հասարակությունը, ամեն դեպքում, առաջին անգամ է լսում նախագահի թեկնածուներ Վարդան Սեդրակյանի, Մհեր Հայրապետյանի, Տարոն Աբրահամյանի, Ռոբերտ Սիմոնյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Ռուբեն Այվազյանի մասին: Մյուս թեկնածուներից երկուսին՝ Նարինե Մկրտչյանին եւ Անդրիաս Ղուկասյանին, ընկերներից ու հարազատներից զատ, կարող են իմանալ նաեւ լրագրողները, այն էլ՝ ոչ բոլորը:
Նախագահի ընտրությանը, սակայն, կարծում ենք, պետք է մասնակցեն հասարակության շրջանում դիրք ու հեղինակություն վայելող անձինք, այլ ոչ թե բոլոր նրանք, ում չի արգելում Սահմանադրությունը: 2003-ին ընտրողը ոչինչ չգիտեր Ռուբեն Ավագյանի, Արամ Հարությունյանի, Գառնիկ Մարգարյանի մասին: Դա փաստվեց նաեւ արդյունքներով՝ Ռուբեն Ավագյանը ստացավ 5788 ձայն, Գառնիկ Մարգարյանը՝ 854: Արամ Հարությունյանին դեռ կանդրադառնանք: Հայտնի չէր նաեւ Արամ Կարապետյանը, սակայն գրագետ քարոզարշավի արդյունքում հավաքեց 41.795 ձայն: 2008-ի ընտրություններում հայտնի չէր Արման Մելիքյանը. նա հավաքեց 4399 ձայն: Այդ թեկնածուների մի մասը, նախորդ ընտրություններից դասեր չքաղած, փորձում է նախագահ դառնալ նաեւ գալիք ընտրությանը, հավանաբար՝ հավեսի համար:
Կարծում ենք, որ նրանք մոռացել են իրենց գրանցած արդյունքները, ուստի ավելորդ չենք համարում հիշեցնել. Պարույր Հայրիկյանը մասնակցել է մեկ անգամ՝ 1998թ. ընտրություններին՝ հավաքելով 5,41% ձայն: Ասել, թե Հայրիկյանն այժմ ավելի մեծ հեղինակություն ունի, քան 98-ին, չենք կարող: 96թ. ընտրություններում, օրինակ, նա հանեց թեկնածությունը՝ հանուն միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հաղթանակի: Վազգեն Մանուկյանը, ով համարվում է այդ ընտրություններում դե ֆակտո ընտրված նախագահ, պատմության մեջ արդեն ուներ իր ուրույն տեղը, սակայն մասնակցեց նաեւ հաջորդ` 98-ի ընտրություններին` հավաքելով 12,24% քվե, ինչը շատ փոքր ցուցանիշ էր հաղթած թեկնածուի համար: Դարձյալ որոշեց շարունակել ընտրակռիվը նախագահի աթոռի համար՝ 2003-ի ընտրություններում արժանանալով ընդամենը 12,904 ընտրողի վստահությանը, 2008-ին՝ մի փոքր ավելի՝ 21,075: Այդ ժամանակ նոր ըմբռնեց, որ լավագույն դեպքում իր ընտրողների շրջանակը կարող է հասնել 30 հազարի, ոչ ավելին: Եվ գուցե նաեւ դա հաշվի առնելով՝ այս անգամ որոշեց ձեռնպահ մնալ «հավայի» ընտրագրավ մուծելուց:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը 2003-ին հավաքեց 1272 ձայն, 2008-ին՝ կրկնակիից մի քիչ ավելի՝ 2 892: Անցնող 5 տարում նա աչքի չի ընկել ոչնչով եւ անգամ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց՝ գոնե վստահության մակարդակը որոշելու համար: Հավանաբար, ուներ ցուցակ կազմելու խնդիր: Եվ այժմ նրա մասնակցությունը շատ ավելի անհասկանալի է մեզ համար, քան հասարակությանը բոլորովին անհայտ թեկնածուներինը:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախորդ՝ 2008թ. ընտրություններին մասնակցելով, հավաքել է ընդամենը 4399 ձայն: 2.5 միլիոն ընտրող ունեցող մեր երկրում նման քիչ ձայն հավաքած թեկնածուների կրկին առաջադրումը, սովորությունից կամ մրցակցության իմիտացիա ստեղծելու պայմանավորվածությունից բացի, ուրիշ բառով մենք չենք կարող բնորոշել:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ