Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթներ առաջ Սյունիք կատարած այցով Նիկոլ Փաշինյանը խաթարել է տեղի ՔՊ-ականների անդորրը, նրա այցից հետո ՔՊ անդամ չհանդիսացող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ տեղի որոշ ՔՊ-ականների փոխհարաբերություններն ավելի են սրվել: Իսկ ՔՊ-ականները չեն մարսում, որ Փաշինյանը գոհ է մարզպետից եւ Սյունիքում ստեղծված մթնոլորտից, այցի ընթացքում էլ գովեստի խոսքեր չի խնայել նրա հասցեին։ ՔՊ-ականները նախ փորձել են Փաշինյանին տրամադրել իր սիրելի մարզպետի դեմ, որ մարզպետից դժգոհողների պակաս չկա մարզում։ Առաջիններից մեկը «քար է նետել» Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, ՔՊ անդամ Քրիստինե Պետրոսյանը, ում մարզպետն ազատել է պաշտոնից 2022թ․ ապրիլին, քանի որ նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ տարի ժամկետով։ Դատարանը մերժել է Պետրոսյանի դիմումը` նրան չի վերականգնել աշխատանքում։ Երկու օր առաջ Քրիստինե Պետրոսյանը հայտարարել է, որ «Ղուկասյանն իր բանդայով» դուրս է եկել իր դեմ։ Տիկնոջ խոսքով՝ մարզպետը փորձում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից ազատելով ՔՊ-ականներին։
Ռոբերտ Ղուկասյանի նյարդերն էլ տեղի են տվել, եւ նա երեկ Ֆեյսբուքի իր էջով մի զայրացած գրառում է արել` պատասխանելով աշխատանքից ազատված կնոջը․ «Թող ոչ ոք չփորձի ինձնից առավել պետականամետ, կառավարության ու ՀՀ վարչապետի ծրագրերին, որդեգրած քաղաքականությանը համահունչ գործելու ջատագով երեւալ։ Ի՞նչ եմ արել կամ անում Սյունիքի զարգացման ու անվտանգային միջավայրի համար, գիտեն բոլորը, ովքեր հետաքրքրված են, սրտացավ ու մասնակից են այդ ամենին ու օր առաջ ուզում են համատեղ ջանքերով մի քար դնել՝ ամուր Սյունիք ունենալու համար։ Ընդ որում, Սյունիքի բոլոր մակարդակների կառավարման օղակները երբեք այսքան միասնական չեն եղել ու համագործակցված աշխատող, ինչպես վերջին մեկուկես տարում»։ Սյունիքի մեր աղբյուրներն ասում են, որ Քրիստինե Պետրոսյանը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, պատգամավորը գործազուրկ դարձած կնոջը տեղավորել է հուշարձանների պահպանության տեսչությունում: Ինքը՝ Դանիելյանը, շատ լարված հարաբերություններ ունի մարզպետի հետ։ Ի դեպ, տիկնոջ գրառումը երեկ հեռացված էր էջից, ասում են՝ տեղի ՔՊ կառույցն է հորդորել, որտեղ Դանիելյանին միանշանակ չեն ընդունում։ Ավելին՝ մեր աղբյուրներից իմացանք, որ ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդում հրատապ նիստ է հրավիրվել` Քրիստինե Պետրոսյանին կուսակցության շարքերից հեռացնելու հարցով, հետո փոշմանել են ու հետաձգել Երեւանի ավագանու ընտրություններից հետո, թե երբ՝ դեռ որոշված չէ։
Չի բացառվում, որ առաջիկա օրերին մարզպետի դեմ հերթական գրոհողն ասպարեզ նետվի․ խոսքը ՔՊ-ական Ասատուր Ասատրյանի մասին է, ում օրերս մարզպետն ազատել է Կապանի ԲԿ տնօրենի պաշտոնից։ Ասատրյանն էլ ԶՊՄԿ–ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի մտերիմն է, եւ նրանք եւս դավադրություն են մտմտում Ղուկասյանի դեմ»։