Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Ելք»-ը և նորաստեղծ «Երկիր ծիրանի»-ն: Մնացած քաղաքական ուժերը հայտարարեցին այդ ընտրություններին չմասնակցելու մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ իր համար շատ անհասկանալի էր, թե ինչու այդքան քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
«Հետո բողոքում են, բայց չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, առավել ևս` Երևանի ավագանու ընտրություններին, որը կարելի է համարել կիսահամապետական ընտրություն, քանի որ հանրապետության բնակչության կեսը կենտրոնացած է Երևանում»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով` էլի կարելի էր հասկանալ ԱԺ ընտրություններում պարտված ուժերի որոշումը` չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ նրանք, հավանաբար, պետք է վերաիմաստավորեն իրենց մասնակցությունը, փորձեն վերլուծել պարտության պատճառները, սակայն անսպասելի էր Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի հրաժարվելը: Քաղտեխնոլոգը այդ ուժերի հայտարարություններում չտեսավ հիմնավորումներ, թե ինչու որոշեցին չմասնակցել ավագանու ընտրություններին:
Ամեն դեպքում` այս ընտրությունների առանձնահատկությունը, ըստ նրա, կլինի այն, որ միմյանց հետ կմրցեն քիչ թվով քաղաքական ուժեր:
Հիշեցնենք, որ Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ այս փուլում նպատակահարմար չի գտել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
«Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը: Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը: Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Իսկ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ասված է. «Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա:
«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին և հանրությանը ներկայացել գրագետ մշակված ծրագրով ու առաջարկությունների փաթեթով։
Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր:
Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար:
Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության»: