կարևոր
3166 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 15:20
Հասարակություն

Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. մանրամասներ

Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. մանրամասներ

Երևանի մայթերին տեղադրված տերմինալները տարիներ շարունակ գործել են առանց որևէ հիմքի, ինչի հետևանքով Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, որն ուսումնասիրություններ է կատարել «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա ու պարզել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանց որևէ հիմքի գործում է 1296 տերմինալ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների միջև 2014 թվականի հուլիսի 10-ին կնքվել է համաձայնագիր, որի հիման վրա ավտոկայանատեղիների սպասարկումն իրականացնելու համար տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք։

Սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները: Վերոնշյալ որոշումների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, տրանսպորտի, անշարժ գույքի կառավարման վարչության պետերի վրա:

Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության և «Իզի Փեյ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ «Իզի Փեյ» ՍՊԸ–ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա 300 վճարային տերմինալների տեղադրման դիմաց պարտավորվել է ամսական 5 մլն 958 հազար դրամ վճարել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԲ–ին։

«Մեկ տերմինալի տեղադրման վճարը կազմել է 19 860 դրամ, ինչը նշանակում է, որ համայնքը տարիներ շարունակ փաստացի զրկվել է յուրաքանչյուր տեղադրված տերմինալի համար ամսական շուրջ 19 860 դրամ ստանալու հնարավորությունից, որը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմում է 25 մլն 738 հազար 560 դրամ, իսկ 3 տարվա հաշվարկով՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ»,– ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք 2014-2023 թվականների ընթացքում ցուցաբել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ,ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):