կարևոր
4624 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-01 16:03
Քաղաքական

Սիրելի ժողովուրդ, նորից քեզ խաբեցին. Անուշ Պողոսյան

Սիրելի ժողովուրդ, նորից քեզ խաբեցին. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին ազգաբնակչությանը ներկայացվեց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող և սպասվող <<բարեփոխումների>> մեկնարկի մասին, որին լայն արձագանք տրվեց մամուլի կողմից, քանի որ <<լավ լուրը>> հնչեց հենց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Артак Джумаян-ի կողմից: Մասնավորապես ներկայացվեց, որ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկը փոփոխվելու է, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին կսկսվի լաբորատորիայի, իսկ ժամը 9:00-ին` պոլիկլինիկաների մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն` հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը 19:00-ն:

«Բարեփոխումը» հիմնավորվում է նրանով ,որ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելելու իրենց սպասարկող պոլիկլինիկաները: <<Բարեփոխումները>> իրականացվելու են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում, որը հիմնավորվում է տվյալ քաղաքներում պոլիկլինիկաների ավելի երկար աշխատանքի անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրեցի պատասխանել երկու պարզ հարցերի՝

Որ՞ ամսաթվից սկսած են մեկնարկվելու <<բարեփոխումները>> Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում:

Պարզվեց չգիտեն ....

Ինչ՞ մեթոդաբանությամբ և որ՞ ժամանակահատվածում է կատարվել բնակչության շրջանում կարիքների գնահատումը, որի արդյունքում ընտրվել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պոլիկլինիկաները

Պարզվեց չգիտեն....

Դիմել էի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armeniaին խնդրի ուսումնասիրման համար: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի հարցադրումներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատասխանել է անկեղծ՝ <<բարեփոխումը>> գտնվում է քննարկման փուլում, ուսումնասիրում են իրավական դաշտը, որի արդյունքների մասին դեռ չգիտեն:

Ինչ է ստացվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մամուլով <<բարեփոխումների>> իմիտացիա է ստեղծում ՝ խաբելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը:

Հ.Գ. Կարծում եմ առողջապահության նախարարի տեղակալը առնվազն պետք է նորից ասուլիս կազմակերպի և բացատրի,թէ ինչու է խաբում այն ժողովրդին, որի հարկերից ստանում է աշխատավարձ և պարգևավճարներ»։