Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին, որը շարքային քաղաքացիներն էին սկսել։
Դրանից առաջ Հարությունյանը տեսաուղերձով հանդես եկավ` հայտարարելով․ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»։ Հարությունյանն ակնկալում է, որ այս նստացույցով Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց եւ կկատարեն իրենց պարտավորությունները` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների եւ միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։
Նա նշել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա իրենք ստիպված կլինեն դրանից հետո դիմելու ավելի կոշտ գործողությունների։ Արցախի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կոշտ գործողությունների մասին է խոսքը։ Որ Արցախում իրավիճակն օրհասական է, եւ լուծումներ են պահանջվում, որեւէ մեկը չի հերքի, այդուհանդերձ, անհասկանալի է, թե Արցախի նախագահը, նստացույցի մասնակցելով, ինչ խնդիր կարող է լուծել, եթե նրան, դիցուք, մեր դաշնակից Ռուսաստանում անգամ չեն ուզում ճանաչել։ Այդ մասին օրերս սկանդալային հայտարարություն էր արել ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ասելով, թե նման պաշտոնյա մենք չենք ճանաչում։
Երկու օր է՝ հայաստանյան քաղաքական-հասարակական ակտիվ հանրույթը քննարկում եւ քննադատում է ԱՀ նախագահի «ծայրահեղ» քայլը՝ համարելով, որ պետության ղեկավարը պետք է պաշտոնից բխող որոշումներ կայացնի, այլ ոչ թե ակտիվիստի գործ անի, կամ առնվազն պահանջ պետք է ներկայացնի ոչ թե միջազգային հանրությանը, այլ Արցախում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին։
Ի՞նչ են մտածում այս ամենի մասին արցախցիները։ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դեռ կարծիք չունի, որոշ դրվագներ պետք է հասկանա, որպեսզի կարծիք կազմի։ Գրեթե նույն վիճակում է խորհրդարանական ընդդիմադիր ԱԺԿ-ի ղեկավար, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: «Այս պահին բան չունեմ ասելու, մենք պետք է իր հետ հանդիպենք, երբ հանդիպենք, կխոսենք»,- երեկ կեսօրից հետո մեզ փոխանցեց Ղուլյանը։ Հարցին՝ հանդիպումը փոխելո՞ւ է իր կարծիքը Հարությունյանի արած քայլի հարցում, պատասխանեց․ «Պետք է հասկանանք, որովհետեւ ինձ համար անհասկանալի է»: Պնդեցինք, որ, այնուամենայնիվ, իր կարծիքն ենք ուզում լսել։ «ԱԺ-ից գնացել-հանդիպել են, իրենցից հարցրեք, երբ ինֆորմացիա ունենամ․․․ երբ կարծիքս հստակ լինի, անպայման կհայտնեմ»,- ասաց Ղուլյանը: Փաստորեն, չեք կողմնորոշվում՝ ԱՀ նախագահը լա՞վ, թե՞ վատ քայլ է արել։ Պատասխանեց․ «Լավ բան չկա, բայց այս պահին չեմ կարող ուրիշ բան ասել»։
Արցախի խորհրդարանականների մեծ մասը երեկ ընդհատակ էր անցել, մի քանիսը չցանկացան հրապարակային կարծիք հայտնել, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով՝ պայքարի ընտրված ձեւաչափն այնքան էլ «ազնիվ» չէ, որովհետեւ նստացույց անող նախագահի ընտրած հասցեատերերը ստեղծված խնդրում երկրորդական են։ «Պետք է գլխավոր մեղավորի առջեւ պահանջ դնել, իսկ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Քանի դեռ չի լինի հասցեական պահանջ, այս ակցիան կասկածի տեղիք է տալիս, որ այն ընդամենն իմիտացիա է, բայց ոչ իրական պայքար»,- նշեց Գալստյանը՝ չցանկանալով նախագահի հետ հանդիպման մանրամասները պատմել։
Դաշնակցական նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ ողջունում է Արայիկ Հարությունյանի քայլը։ «Բոլորս կարծում ենք, որ արդյունավետ կլինի, եթե չկարծեինք, նախագահը նստացույց չէր անի»,- ասաց նա: Երբ փորձեցինք ճշտել, թե, այսինքն, Հարությունյանը նախապես իրենց հետ քննարկե՞լ է այս քայլը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց․ «Եթե մեր սպասումները չարդարացան, ապա նախագահն իր ելույթի մեջ նշեց, որ անցնելու ենք ավելի կոշտ մեթոդների, թե ինչպիսի, ես չեմ կարող ասել, դեռ չի քննարկվել»։ ՀՅԴ-ականն ընդգծեց, որ նստացույցի մեսիջը միայն աշխարհին չէ ուղղված, այլեւ՝ ողջ հայությանը․ «Պետք է բոլորը բռունցքվեն, որ ավելի արագ մեր պահանջը տեղ հասցնենք»։ Արթուր Սարգսյանը չի ընդունում նստացույցի առիթով հնչած քննադատությունները․ «Ով ուզում է գործից փախչել եւ ցույց տալ փրփուրի վրա իր դերակատարությունը, ամեն ինչ կարող է ասել։ Մենք արել ենք դա, եւ եթե կան առաջարկություններ․․․ չպետք է առաջարկեն՝ քայլեր չձեռնարկել, պետք է բոլորս միասնական փորձենք դուրս գալ այս ծանր իրավիճակից»։ Ինչ վերաբերում է քննադատություններին, որ պետք է նախեւառաջ Փաշինյանից պարզաբանումներ պահանջել, Սարգսյանն ասաց․ «Նախագահը գիտի իր հաշվարկը եւ հստակ քայլեր է անում, մնացածը կարող եք իրեն հարցնել, իսկ որ մենք ասել ենք, որ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, դա նորություն չէ»։
Ավելի ուշ տեղեկացանք, որ արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը: Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի անդամ Արշակ Աբրահամյանը մեզ ասաց. «Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առեւտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումն Ադրբեջանի կողմից»: Արցախցիները պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու Ադրբեջանի հետ ինտեգրումը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում