Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Թուրքիան հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ առաջ քաշելով հիմնականում երեք նախապայման՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում, Կարսի անօրինական «պայմանագրի» վավերացում և Արցախից հրաժարում։
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով թուրք-ադրբեջանական տանդեմը գրեթե իրականացրեց Արցախի բռնազավթումը, հետևաբար նաև նախապայմաններից մեկի լուծումը, իսկ մյուս երկու նախապայմանների լեգիտիմացումն իր վրա է վերցրել Հայաստանի ներկա իշխանությունը։ «Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ»,— հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա մարտի 13-ին Բահրեյնում կայացած Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի ժամանակ։ Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նույնպես հայտարարել էր․ «Հայաստանը տարածքային պահանջներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ»: Միջազգային հարթակներում հնչեցված վերոնշյալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Կարսի անօրինական «պայմանագրի» վավերացումն ընդունելի է գործող իշխանության համար, որի մասին ուղերձ են հղում արտաքին լսարանին, մասնավորապես՝ «հարևաններին»։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ իշխող քաղաքական խմբի մոտեցումը վերջերս՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ձևակերպեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Ցեղասպանության ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վե՛րջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած և ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարևոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս՝ բացի բարոյական շոյվածությունից»,— ասել էր նա՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գործող իշխանության օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է։ Սինանյանի ձևակերպումները խնդրահարույց են, իսկ հեռանկարային կտրվածքով՝ վտանգավոր, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իրավական, պատմական արդարության, ճշմարտության վերականգնման և պահանջատիրական հարթությունից փորձ է արվում տեղափոխել զուտ բարոյական տիրույթ։ Մինչդեռ ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է և ենթակա է միջազգային իրավական պատասխանատվության։
Այսպիսով՝ գործող իշխանության կողմից, ինչպես Արցախի ինքնորոշման, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում «նշաձողն» իջեցվում է զրոյական մակարդակի։ Փաստացի ազդարարվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգից հանելու մտադրության մասին՝ դրանով բավարարելով Թուրքիայի նախապայմաններից երրորդը ևս։ Հայոց ցեղասպանության փաստը կապելով միայն «հայրենի հողում մնացած և ապրող ժողովրդի անվտանգության հետ»՝ շրջանցվում է ցեղասպանության հետևանքով հայրենազրկված, նյութական կորուստներ կրած ժառանգների հարցը, այսինքն՝ մեզ առաջարկում են հրաժարվել պահանջատեր լինելու իրավունքից։ Թուրքիային պատասխանատվության կանչելու պահանջից հրաժարումն առավել անընդունելի է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ և ընդգրկուն աջակցության պայմաններում։
Քննադատության չի դիմանում նաև այն դիտարկումը, թե ցեղասպանությունը ճանաչվել է, հետևաբար գործընթացն ավարտված է։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող ենք «ավարտված» համարել այն դեպքում, երբ Թուրքիան ճանաչի պատմական իրողությունը և հանձն առնի դրա հետևանքների վերացման պատասխանատվությունը։
Հեռանկարային առումով կստացվի, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված համարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը, հայ ազգը հրաժարվում են պատմական հայրենիքին երբևէ տեր կանգնելու երազանքից, Միացյալ Հայաստան ունենալու տեսլականից։ Նման զարգացումը կհանգեցնի Հայկական լեռնաշխարհում մեր բնիկ լինելու կարգավիճակից և դրանից բխող իրավունքներից հրաժարմանը։ Դա վտանգավոր է այնքանով, որքանով արհեստածին «Ադրբեջան» պետության, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» ճանաչման հարցը։ Հայոց ցեղասպանությունն «ավարտված» գործընթաց համարելը նշանակում է հրաժարում Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից և հայրենազրկման փաստի լեգիտիմացում։ Սա հայկական ինքնությանն ուղղված մարտահրավեր է, ոչնչացման տանող ճանապարհ։ Որքան էլ նախկինում զգուշությամբ է խոսվել պահանջատիրության մասին, այդ թվում՝ տարածքային, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, միջազգային հարթակներում դրա բարձրաձայնումը, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն ինքնին պահանջատիրությանն ուղղված քայլեր են եղել։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի անկախացմամբ նոր որակ և բովանդակություն էր ձեռք բերել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այն պետական քաղաքականության անբաժան մասն էր, արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչը։ Դեռևս 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի կետ 11-ում հստակորեն ամրագրվեց հայոց պետականության հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում՝ սահմանելով, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Հռչակագրի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը դադարեց լինել սոսկ պատմական, բարոյահոգեբանական հարթությունում գտնվող երևույթ՝ վերածվելով արտաքին քաղաքականության և արդի միջազգային իրավական հարաբերությունների հիմնախնդրի:
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետական մակարդակի բարձրացնելը կարևորագույն դերակատարություն ունեցավ։ Այն հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության համընկնող, միասնական օրակարգի կարևորագույն և առանցքային բաղադրիչներից մեկն էր։ Թեև հայ ժողովրդին բաժին հասած մեծագույն ողբերգության հանգամանքը որպես ընթացիկ կյանքի առանցքային հարցերից մեկը դիտարկելը ինքնին ցանկալի չէ, սակայն այն համախմբվածության, մերձեցման, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության փոխճանաչման կարևոր գործառույթներից մեկն էր իրականացնում։ Երբ նշվում է, թե «30 տարի ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ են օգտագործվել, բայց հասել են միայն մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չեն հասել», դրանով արժեզրկվում է կատարված աշխատանքը և վնասում Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցությանը: Ատոմիզացված հայ հասարակությանը անհրաժեշտ են համընդհանուր, անքննելի օրակարգային հարցեր, որոնք կմիավորեն մասնատված, «սևի և սպիտակի» բաժանված հասարակությանը, մինչդեռ դրա փոխարեն ևս մեկ համահայկական խնդիր հայտնվում է լուսանցքից դուրս կարգավիճակում։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակական լինելը և առաջին հերթին պետական մակարդակով հարցն արտաքին քաղաքական օրակարգում պահելը լուծում են նաև կրթական խնդիրներ, ինչն անհրաժեշտ է պատմության դասերը ինչպես մեր սերունդներին, այնպես էլ օտարներին ներկայացնելու տեսանկյունից։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 2022 թ․ ներկայացրեց երկկուսակցական օրինագիծ, որով նախատեսվում է հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նախագծի հեղինակներն այս տարի ևս ներկայացրին Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ փորձելով հակազդել թուրքական այն քարոզչությանը, թե, իբր, «1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նշում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին երկկուսակցական օրենքը ներկայացնելով՝ «վերահաստատում են ճշմարտությունը ճանաչելու իրենց հանձնառությունն ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի առջև»1:
Ինչու՞ է Թուրքիայի համար կարևոր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը։ Այն պարզ պատճառով, որ գործընթացն ի վերջո հանգեցնելու է պատասխանատվության, որը բնավ բարոյական հաղթանակների շարքին չի կարող դասվել։ Տրամաբանությունը հուշում է, եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ բարոյական բաղադրիչ ունենար, ապա թուրքական կառավարությունն այդքան ֆինանսներ և մարդկային ռեսուրսներ չէր ծախսի ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով։ Հատկապես վերջին շրջանում Հայաստանում տարբեր հարթակներում հնչում են հայերի և թուրքերի հաշտեցման մասին խոսակցություններ։ Իսկ որքանո՞վ են հնարավոր իրագործել «անցյալը անցյալին թողնելու» և «առաջ շարժվելու» առաջարկները՝ հաշվի առնելով, որ մեզանից շատերը ցեղասպանվածների սերունդներից են։ Նման պարագայում, առանց ոճրագործի մեղայականի, «հաշտեցում» բառի օգտագործումն անգամ անընդունելի է։
Կարող ենք հստակ փաստել, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն անցյալին չի վերաբերում, այլև ներկային և ապագային, քանի դեռ չի հանգել վերջնական և արդարացի հանգուցալուծման։ Ճանաչումն ընդամենն առաջին փուլն է, որից պետք է բխի նաև հետևանքների հաղթահարումը և ամենակարևորը՝ պատասխանատվության ստանձնումն այն իրականացնողի, այսինքն՝ Թուրքիայի կողմից։
—————————
https://www.foreign.senate.gov/press/dem/release/senators-menendez-blackburn-introduce-armenian-genocide-education-act։
ուսինե Մխիթարյան