Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տեւած բանակցությունների ավարտին՝ նախօրեի ուշ երեկոյան հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները։
Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցությունները Վաշինգտոնում, հիշեցնենք, ուղեկցվել են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։ Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջել էր դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները, մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, սակայն հայկական կողմը չլսեց Արցախի ձայնը, բանակցությունները շարունակվեցին, Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը»,- ամփոփելով հանդիպումները՝ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, ում կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, թե ինչպիսի՝ չի մանրամասնել։
Ո՞ր հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւս չի մանրամասնում: Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքը, ըստ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի, վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը եւ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը շարունակում է պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցություններ գոյություն չունեն։ «Այն, ինչ ներկայացվում է իբրեւ բանակցություն, դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջները փաթեթավորելու, հայ հանրությանը ներկայացնելու գործընթաց։ Պարզապես հանդիպում են, քննարկում, թե ինչպես դրանք ներկայացնել, որպեսզի դիմադրություն չլինի, ընդ որում՝ ոչ միայն հայ հանրությանը, այլեւ միջազգային հանրությանը, տարածաշրջանային պետություններին, մասնավորապես՝ Ռուսաստանին եւ Իրանին»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ թերեւս սա է պատճառը, որ խոսում են ոչ թե պայմանավորվածությունների մասին, այլ թե ինչի շուրջ չեն պայմանավորվել․ «Եվ այն կետերը, որոնց շուրջ իբրեւ թե չեն պայմանավորվել, կոնցեպտուալ նշանակություն չունեն, դրանք ավելի շատ դետալային են՝ կլինեն սահմանազատումը, միջազգային մեխանիզմները եւ այլն։ Կարծում եմ՝ իրական օրակարգն Արցախի պատկանելության հարցն է եւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի։ Եթե այս երկու հարցերը ներառված չեն պայմանավորված հարցերի մեջ, դա նշանակում է՝ մնացյալ ամեն ինչը ձեւականություն է, մարդկանց խաբելու գործընթաց»։ Դիտարկմանը, թե, այսինքն, «իրական օրակարգի»՝ Արցախի պատկանելության եւ Զանգեզուրի միջանցքի շուրջ կա՞ համաձայնություն, պատասխանեց․ «Կա պարտադրանք, որը կատարում են։ Ուշադրություն դարձրեք․ Ալիեւն ասում է՝ քիչ է, որ Փաշինյանը բառերով հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, պետք է նաեւ գրավոր փաստագրվի։ Հիմա այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն ասում է՝ որոշ հարցերի շուրջ պայմանավորվել ենք, բայց չենք պայմանավորվել այս-այս հարցերի շուրջ։ Չեմ ուզում գուշակություններ անել, թե ինչն է ամրագրված Միացյալ Նահանգների միջնորդությամբ, բայց առավել համոզված եմ, որ կոնցեպտուալ խնդիրները, որն Ադրբեջանը դրել է իր առջեւ, դրանք արդեն իրենց համար լուծված են»։
Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկա ամիսներին էլ հայտարարվի այդ զիջումների մասին, քանի որ կա թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական «բարենպաստ» մթնոլորտ․ «Ցավոք սրտի, կարծում եմ, որ, այո, կա հարմար վիճակ, նախ՝ հայ հանրությունը որքան էլ այլեւս չի աջակցում Փաշինյանի կառավարությանը, ամեն դեպքում, դեռեւս պատրաստ չէ սեփական իրավունքների համար պայքարել, խոսքը լուրջ պայքարի մասին է, այդ թվում՝ զենքի ուժով պետական շահերը պաշտպանելու։ Մեր հանրությունը պատրաստ չէ դրան մի քանի պատճառներով․ նախ՝ որեւէ մեկը չի պատրաստում, դա պետության գործն է, երկրորդը՝ Ալիեւի հետ ցուցադրաբար շարունակում են վախի մթնոլորտ ստեղծել։ Միջազգային հանրության տեսանկյունից եւս հարմար պահ է Ադրբեջանի համար․ բոլորի ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացված են Ուկրաինայի հակամարտության վրա, դա հնարավորություն է տալիս կովկասյան հարցերը երկրորդ պլան մղելու»։
Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցն Ադրբեջանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Արցախի հարցը, որն իրենք համարում են՝ այսպես թե այնպես, լուծվելու է։ «Ադրբեջանում նաեւ հասկանում են, որ հետագայում զգոնությունը պահելու եւ լուրջ գործոն ունենալու համար այդ միջանցքը պետք է, դա թուրք-ադրբեջանական շահն է պահանջում, այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ամրացման միջոցով է, որ Ադրբեջանը կարող է պահպանել մեր նկատմամբ ունեցած բոլոր ձեռքբերումները»։
Հիշեցնենք․ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցություններն ընթացել էին մայիսի 1-4-ը, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։