Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Իրանն ու Ադրբեջանը ստորագրել են համաձայնության մասին հուշագիր Իրանի տարածքով Նախիջևանի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու միջև հաղորդակցության նոր կապերի ստեղծման վերաբերյալ. հայտնում է Caucasus Watch-ը:
Արցախի 75 տոկոսի օկուպացումից հետո Ադրբեջանը Կովսականի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները հայտարարեց «Արևելյան Զանգեզուր»` հետագա նկրտումներ որդեգրելով նաև Սյունիքի նկատմամբ, որը, ըստ նրանց, «Արևմտյան Զանգեզուրն» է:
Փաստաթուղթը ստորագրվել է մարտի 11-ին Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի կողմից:
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` հուշագրի ստորագրումը պատմական իրադարձություն է։ «Նախիջևանի նկատմամբ էմբարգո կիրառելու՝ Հայաստանի երկարամյա քաղաքականությունը կդադարի այս ծրագրի իրագործման շնորհիվ: Ադրբեջանի երկու շրջանների` Նախիջևանի և Արևելյան Զանգեզուրի (Արցախից օկուպացված Կովսականի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները) միջև կկառուցվի ավտոճանապարհային, երկաթուղային և էլեկտրիկ հաղորդակցություն` Իրանի տարածքով»,- նշել է նա:
Ըստ Հաջիևի` «այդ ծրագիրը կփոխի տարածաշրջանի տրանսպորտահաղորդակցային լանդշաֆտը, այն կկապի Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը` հիմք դնելով նոր եվրասիական միջանցքի»:
Ըստ Ղասեմիի` երկու երկրների միջև ստորագրվել է ճանապարհային քարտեզ մի շարք ոլորտներում: Նա նշել է, որ իրանական կառավարության համար առաջնահերթություն է իր հարևանների հետ հարաբերությունների բարելավումը:
Սրան զուգահեռ, ադրբեջանցի ղեկավարի` Անկարա կատարած այցի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են արագացնել Նախիջևանից Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները, ինչն արդեն անիմաստ և երկրորդական կդարձնի Գյումրիից Կարս ելքը: Այնպես որ, ինչպես նշում է Caucasus Watch-ը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ամբողջությամբ կախված կլինի Հայաստանի ճկունությունից Ադրբեջանի հետ հարցերում:
Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Ալիլին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահի` Իրանի հետ դիվհարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ հղած նամակին։ «Միանշանակ, մեր հինավուրց, պատմական տարածքների ազատագրումով իրանա-ադրբեջանական պետական սահմանի վերականգնումը ստեղծել է բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտներում ներուժի ամբողջական օգտագործման, տրանսպորտահաղորդակցային միջանցքների ծրագրերի համատեղ իրականացման համար: Այդ կապակցությամբ կցանկանայի ընդգծել Իրանի և Ադրբեջանի միջև կնքված հուշագիրը` «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնման վերաբերյալ». սա նշանակում է, որ այլևս չկա Զանգեզուրի միջանցք, որը կանցնի Հայաստանի հարավային շրջաններով», - եզրափակել է նա:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Ֆարհադ Մամեդովը նշում է, որ, այսպիսով, Ադրբեջանն իր համար լուծել է մեկ կարևոր սկզբունքային հարց` «ցամաքային ելք դեպի Նախիջևան, այնտեղից էլ Թուրքա` առանց Հայաստանի համար կոմունիկացիաների բացման»: «Սա շատ կարևոր տարր է, քանզի հաղորդակցությունների բացումը կնշանակի հաղորդակցության բոլոր տեսակների բացում։ Այժմ Ադրբեջանը նման պարտավորություններ չունի, և Իրանը ստիպված է խնդրել Բաքվին՝ բացել դեպի Իրան և Ռուսաստան երկաթգիծ իր տարածքով, ինչպես նաև օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից»:
«Եթե առաջ հաղորդակցությունների բացումը Հայաստանի համար եղել է Զանգեզուրի միջանցքի բացման դիմաց, ապա այժմ պայմաններն այլ են լինելու, հավանաբար` խաղաղության պայմանագիր՝ տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց»,- նշել է Մամեդովը:
Նյութը` Yerkir.am-ի