Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը սրտային խնդիրներով հիվանդներին հիմնականում տեղափոխում է Բեսթ լայֆ հայ-ճապոնական բժշկական կենտրոն։ Այդ գործընթացին, ըստ որոշ տեղեկությունների, նպաստում է առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, ում ենթարկվում է Շտապօգնությունը, Թորոսյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ այս կլինիկայում վիրահատվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այստեղ էին տեղափոխել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ում սիրտը վատացել էր։ Կլինիկան բացվել է 2019-ի սեպտեմբերին, երբ առողջապահության նախարարը Թորոսյանն էր, նա անձամբ է մասնակցել բացմանը, հետագայում էլ քանիցս գովաբանել է ԲԿ-ն։
Շտապօգնության ծառայության նորանշանակ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ չկան ուղղորդումներ եւ ներկայացրեց սկզբունքները, որոնցով հիվանդներին տեղափոխում են որեւէ ԲԿ․
«Առաջինը՝ դեպքի վայրին ամենամոտ բժշկական հաստատությանն է առաջնահերթություն տրվում, տվյալ ԲԿ-ում ռեանիմացիոն ծառայության առկայության եւ տվյալ պրոֆիլի առկայությանը, այսինքն՝ եթե սրտային կանչ է, սրտային ծառայության առկայությանը։ Նաեւ օպերատիվ կապի մեջ ենք լինում՝ տվյալ Բուժհաստատությունում բուժանձնակազմի հետ՝ ի վիճակի՞ են տվյալ պահին ընդունել, թե ոչ, իսկ ուղղորդվածության մասին լուրերը լկտի սուտ են»։
Նաեւ հաշվի է առնվում պացիենտի կամ նրա հարազատների ցանկությունը եւ կանչի թերթիկի վրա նշվում է այդ մասին։ Խնդրեցինք՝ վիճակագրություն նշել, թե քանի անձի որ հիվանդանոց են տարել, Գրիգորյանն ասաց, որ չի կարող թվերով նշել։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։