Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սևան քաղաքում շտապօգնություն կանչել կարելի է երեկոյան ժամը վեցից հետո, իսկ ցերեկային ժամերին պետք է զանգահարել պոլիկլինիկա, տնային այց գրանցել: Եթե մարդու բախտը չի բերում ու պարզվում է, որ պոլիկլինիկայում գրանցված չէ, ապա Աստված միայն գիտի, թե ինչ կարող է պատահել հիվանդ մարդու հետ:
Քիչ առաջ Սեւանի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ ժամեր առաջ 24-ամյա որդին իրեն շատ վատ է զգացել. «Գրիպոզ վիճակ էր, չոր հազ, մկանային ուժեղ ցավեր, տեսողության կորուստ: Պատկերացրեք՝ մի պահ էրեխեն չէր տեսնում, շունչը կտրվում էր, սիրտը վատ էր, նույնիսկ չէր կարողանում կանգնել, հազիվ գրկել եմ, պատշգամբ եմ տարել»:
Կինը պատմեց, որ զանգահարել են շտապբուժօգնություն, սակայն կանչը գրանցելու փոխարեն ասել են, թե պետք է զանգել պոլիկլինիկա: Իսկ պոլիկլինիկայից էլ նախևառաջ փորձել են ճշտել, թե արդյո՞ք Սևանի բնակիչներ են, որտեղ են գրանցված:
«Հարցրեցին, թե՝ ընտանեկան բժիշկ ունե՞ք: Ես ասացի, որ մենք էստեղի գրանցում ունենք, բայց էստեղ նոր ենք տեղափոխել, ընտանեկան բժիշկ չունենք: Իրենք էլ, թե՝ եթե չունեք ընտանեկան բժիշկ, ուրեմն չենք կարող ձեզ օգնել, զանգեք շտապօգնություն: Ես էլ ասացի` այս ինչ խաղուպար եք անում, եթե մի բան լինի իմ երեխայի առողջությանը, ձեռքիցս չեք պրծնի: Ու անջատեցի»,- պատմեց մեր զրուցակիցը:
Հարազատները ահազանգել են հիվանդանոցի տնօրենին, որից հետո միայն՝ կանչից մոտ երկու ժամ անց, բժիշկ է այցելել տղային:
Yerkir.am-ը զրուցեց «Սևան» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Մարգարյանի հետ, նա էլ բացատրեց. «Ըստ չափորոշիչների` շտապօգնության կանչերը մինչև ժամը վեցը պարտավոր է անել պոլիկլինիկան, շտապօգնությունը անհետաձգելի դեպքերի համար է, ենթադրենք՝ վթար է լինում, կարող են ուղարկել»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս է որոշվում՝ դեպքն անհետաձգելի՞ է, թե՞ ոչ, հատկապես, որ կինը հայտնել է տղայի՝ ծանր վիճակում գտնվելու մասին, փոխտնօրենը բարկացած պատասխանեց. «Հարցրել է դիսպետչերը: Ասել են, որ վիրուսային գրիպ է, դա շտապօգնության կանչի համար հիմք չէ»:
Դեպքի հետ կապված՝ Yerkir.am-ը պարզաբանումներ ստացավ նաև առողջապահության նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ զանգահարել են և փորձել պարզել, թե ինչ է եղել. «Մեզ էսպես բացատրեցին, որ 24 տարեկան տղան ինքը զանգել է, ասել է՝ վատ եմ զգում, իրենք էլ ասել են` որ էդքան լավ ես, որ խոսում ես, գնացեք պոլիկլինիկա, ստուգվեք: Քիչ հետո նորից զանգել է ավելի բորբոքված, ու իրենք գնացել են: Մենք պահանջել ենք, որ վերլուծեն դեպքը և բացատրեն՝ խնդիրը որն է: Եթե կան մեղավորներ, ապա կպատժվեն անպայման»:
Տիկին Անահիտի հետ երբ ավելի ուշ զրուցեցինք, նախ ասաց, որ բժիշկը հետազոտելուց հետո հայտնել է, որ պետք է տեղափոխել հիվանդանոց, սիրտը, թոքերը պետք է ստուգվեն, բրոնխային հազ ունի, կրծքավանդակի մկանները կծկված են. «Ես ստորագրեցի, որ հրաժարվում եմ Սևանի հիվանդանոց տեղափոխել, մենք երեխային կտանենք Երևան»:
Իսկ հարցին, թե իսկապե՞ս հենց տղան է շտապօգնություն զանգել, Անահիտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, տղաս նույնիսկ անկողնում չի կարողանում շարժվել, բժիշկը չկարողացավ անգամ թոքերը լսել, որովհետև չէր կարողանում շրջվել»: Կինը բացատրեց, որ առաջին անգամ շտապօգնություն զանգել է ամուսինը, այնուհետև լսափողը փոխանցել է իրեն, որ ինքը բացատրի, թե ինչ վիճակում է տղան:
Հույս ունենք, որ այս դեպքից հետո հատկապես շտապօգնության աշխատողները ավելի պատասխանատվությամբ կմոտենան իրենց աշխատանքին, իսկ նախարարությունն էլ գործի մանրամասները պարզելուց հետո համապատասխան կարգադրությունները կանի:
Միայն նշենք, որ եթե շտապօգնության աշխատողը զանգահարողին պատասխանում է՝ «թե որ էդքան լավ ես, որ խոսում ես, գնա պոլիկլինիկա, ստուգվի», ապա արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչ մակարդակի մարդ ու մասնագետ է նա:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ