|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան ֆիզկուլտուրայի դասաժամին ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող` 19-ամյա Լևոն Հայրապետյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Տղան Արագածոտնի մարզի Օշական գյուղից էր: Ըստ նախնական վարկածի` նա սրտի արատ է ունեցել:
Նշենք, որ մահացածի ծնողները դեպքից հետո հանդիպել են ԲՈՒՀ-ի` հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Լևոն Մարկոսյանի և ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ տղան սրտի արատ է ունեցել, սակայն, ըստ նրա, Լևոնին ոչ ոք չի պարտադրել մասնակցել ֆիզկուլտուրայի դասին: «Ինքն է ցանկացել, սպորտային տղա է եղել, մեծ սեր է ունեցել ֆուտբոլի նկատմամբ»,- ասաց դեկանն ու հավելեց, որ իրենք սթրես են տարել:
Ըստ ականատեսների` Լևոնը Ֆուտբոլ խաղալիս վատ է զգացել, ասել է՝ կանգնեմ դարպասի մոտ, հանգստանամ, հետո ընկել է: Որոշ տեղեկությունների համաձայն` Լևոնի ծնողները նրան մշտապես համոզել են չզբաղվել սպորտով, սակայն նա ծնողներից գաղտնի ֆուտբոլի է գնացել (խմբ.-Ի դեպ, Լևոնի սոցիալական ցանցի էջում գերակշռում են ֆուտբոլին վերաբերող հրապարակումներն ու լուսանկարները):
Նշենք նաեւ, որ մոտ օրերս կլրանար նրա 19-ամյակը: