կարևոր
4069 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-23 11:56
Քաղաքական

Արմեն Աշոտյանին մեկուսացնելն օրակարգը շեղելու նպատակ է հետապնդում, ինչը բացառապես չի բխում մեր երկրի ազգային, պետական շահերից․ Թադևոս Ավետիսյան․ «Իրավունք»

Արմեն Աշոտյանին մեկուսացնելն օրակարգը շեղելու նպատակ է հետապնդում, ինչը բացառապես չի բխում մեր երկրի ազգային, պետական շահերից․ Թադևոս Ավետիսյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզ ձեւակերպմամբ քաղբանտարկյալ է: Նա ընդգծեց, որ սա միայն իր եւ մի քանի մարդու կարծիք չէ, այլ տարբեր քաղաքական ուժեր այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել ու տվել են իրենց գնահատականը:

— Ինչ խնդիր է լուծում իշխանությունը` հենց այս շրջանում Արմեն Աշոտյանին մեկուսացնելով:

— Նախ պարոն Աշոտյանն ինքն էլ քաջ գիտակցում էր, որ այս օրը վրա է հասնելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում, ինչքան շատ են խոսում ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների հաստատման կամ, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնի» մասին, այնքան ավելի է խորանում ու արմատական դառնում հակաժողովրդավարական պրոցեսները: Այսօր մտքի, ազատ խոսքի նկատմամբ այս իշխանությունները տեռոր են իրականացնում: Ընդ որում` առանց երկար մտածելու, ընդամենն իրենց նեղ քաղաքական եւ ապազգային շահերից ելնելով` սուտ ձեւակերպումներով կարող են մարդկանց ազատազրկել, անվանարկել: Պարոն Աշոտյանն այս պրոցեսների հետեւանքը կրող, կարծում եմ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Մենք ամեն հաջորդ օրը տեսնում ենք, մեղմ ասած, ավելի վատ երեւույթներ: Ընդամենը կարող եմ ասել, որ վստահ եմ` որքանով ճանաչում եմ պարոն Աշոտյանին, իսկ ես քիչ չեմ ճանաչում, պայքարող տեսակ է, եւ ինչպես մեր պայքարի ընկերները, ովքեր նախորդիվ ձերբակալվել են, կալանավորվել, երբեք դա նրանց չի կաշկանդել, ընդհակառակը` ավելի վճռական է դարձրել:

— Սահմանում վերջին օրերին որոշակի լարվածություն կա, Արցախում իրավիճակն օրհասական է: Արդյոք նման ռեպրեսիաներով փորձ է արվում իշխանության կողմից շեղել հանրությանը:

— Պարոն Աշոտյանը կուսակցության փոխնախագահ է եւ ընդդիմադիր գործիչ, իհարկե, նրան մեկուսացնելը օրակարգը շեղելու նպատակ է հետապնդում: Սա դատապարտելի է, հատկապես այն իրավիճակում, որում գտնվում է մեր երկրրը: Օրակարգ շեղելը բացառապես չի բխում մեր երկրի ազգային, պետական շահերից, ընդհակառակը` ավելի է թուլացնում մեզ եւ բերում է նոր պառակտման: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ ես դիմում եմ մեր սիրելի հայրենակիցներին` սա մի պրոցես է, որը ցանկացած մեկի դուռը կծեծի մի օր, որեւէ մեկը, որը կհանդգնի արտահայտել իր ազատ կարծիքը, տեսակետը ապահովագրված չէ, որ այսպիսի իրավիճակում չի հայտնվի: Յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել, որովհետեւ օրենքն ու իրավունքը չի գործում, այլ գործում է բացառապես մեկ մարդու իշխանության աթոռը պահելու շահից բխող գործընթաց: Նաեւ միջազգային հանրությանն ու միջազգային իրավապահ կազմակերպություններին եմ կոչ անում` անթույլատրելի է նման երեւույթների հանդուրժումը, որովհետեւ սա ակնհայտ հակաժողովրդավարական, հակամարդային եւ անօրինական, մարդու իրավունքները խախտող գործընթաց է:

— Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունն իշխանության նման գործելակերպը զսպելու ուղղությամբ:

— Մենք պայքարում ենք, եւ դրա վառ օրինակը նաեւ պարոն Աշոտյանն է: Այսօր քաղբանտարկյալների թիվը մեր երկրում ավելանում է` զուգահեռ մեր անվտանգային խնդիրների: Այսպիսի զուգահեռ եմ տանում, որովհետեւ ուղղակի կապ կա: Որքան մոտենում է վերջնական կապիտուլիացիայի գործողության ժամկետը, այնքան հակաօրինական քայլերում այս իշխանությունները դառնում են ավելի վճռական: Ի վերջո, հեշտ չէ հայրենքի հանձնելը, պետականության կորստի պատճառ հանդիսանալը: Դրա համար էլ այն ուղեկցվում է նման երեւույթներով: Սա է իրողությունը, բայց վստահ եմ, որ մի օր դուրս ենք գալու այս իրավիճակից: Այնպես որ, ընդդիմությունը պայքարում է, եւ նաեւ բնական է, որ այս իշխանությունների օրոք այդ պայքարն ուղեկցվելու է բռնաճնշումներով, քաղաքական հալածանքներով եւ նմանատիպ փոքրոգի դրսեւորումներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։