կարևոր
6379 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-08 15:13
Իրավական

Հանրային արդարադատության շահերից է բխում Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխությունը․ Ասպրամ Կրպեյան

«Համոզմունք ունեմ, որ  պարոն Աշոտյանը հավուր պատշաճի  և ամբողջ ծավալով ու պատասխանատվությամբ  իրեն վերապահված պարտականություններն իրականացնելու է․ իմ ներկայացրած երաշխավորութունն էլ հենց դրանով է պայմանավորված։ Նաև համոզված եմ, որ քրեադատավարական գործընթացների և հանրային արդարադատության հաստատման շահերից է բխում  Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխությունը»,- այս մասին դատարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով դատական նիստը։

Դատարանն այս պահին քննում է կալանքը փոփոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նաև նշենք որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։