Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք արդեն ինչ-որ բան հանձնում ենք, փաստորեն, դիմացը ոչինչ չստանալով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնել կամ չհանձնելու հարցին:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը, ինչպես նախագահ եղած ժամանակ, այնպես էլ այլ պաշտոններում աշխատելիս, հայտարարել է, թե արցախյան որոշ տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ, ենթակա են հանձնման: Եվ այս հայտարարությունները միշտ էլ քննադատության են արժանացել ՀՅԴ-ի կողմից:
«Եթե ես լինեմ Ադրբեջանի տեղը, կասեմ` մի քիչ էլ սպասեմ, սրանք ուրիշ բաներ էլ կտան մեզ: Այսինքն` ոչնչի դիմաց այդքանը տվեցին, ապա ուրիշ բան էլ կտան: Դրա համար իսկապես կարեւոր է, որ Արցախն ուղղակիորեն մասնակցի բանակցություններին, որպեսզի հասկանա` ինչի մասին խոսելու իրավունք ունի»,- ասաց Կ. Մանոյանը:
Նա նշեց, որ նման մոտեցում, դժբախտաբար, ցուցաբերել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: Շատ այլ գործիչներ, եթե նույնիսկ ուղղակիորեն չեն արտահայտել, ապա իրենց դիրքորոշումն անուղղակիորեն արտահայտել են:
«Կարծում եմ` ժամանակն է, որ մեր իշխանություններն արտաքին քաղաքականության հարցում լավը երեւալու մտահոգությունից դուրս գան եւ իսկապես փորձեն զբաղվել հարցերի կարգավորմամբ»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքերով` հայ-թուրքական հակամարտության լուծման դեպքում էլ առաջընթաց չկա, քանի որ իշխանությունների հիմնական մտահոգությունը աշխարհի համար վստահելի գործընկեր համարվելն է, ինչը առնչություն չունի մեր ազգային շահերի հետ:
Կ. Մանոյանն նշեց, թե չի ուզում, որ անվստահելի, վատը երեւանք աշխարհին, բայց միայն լավը լինելու ցանկությամբ չպետք է առաջնորդվել: