Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ հարցազրույց տվեցի Հայաստանի հանրային հեռուստատեսությանը: Հաշվի առնելով հարցադրումները՝ կրկին անգամ վերահաստատում եմ՝
- Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը.
- Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120,000 մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների:
- Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, սակայն բանակցության ընթացքում կողմերի իրավունքների՝ միջազգային նորմերին համահունչ իրացնելու հնարավորությունը պետք է լինի միջազգային մեխանիզմներով երաշխավորված ու պաշտպանված: Այդ երաշխիքները, սակայն, պետք է լինեն համոզիչ ու վստահելի:
- Ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից:
Եթե Արցախի ժողովրդի իրավունքների միջազգայնորեն երաշխավորված պաշտպանությունն այս տեսքն ունի, ապա պետք է արձանագրենք, որ մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու հուսալի ու համոզիչ երաշխիքներ չունենք»: