կարևոր
2269 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-12 17:06
Հասարակություն

Կեսարիայում գանձագողերը կողոպտել են պատմական թաղամասը

Կեսարիայում գանձագողերը կողոպտել են պատմական թաղամասը

Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Յեշիլհիսար գավառում 2011 թ․ աղետի գոտի հռչակվելու պատճառով դատարկված Բաշքյոյ թաղամասը վերածվել է գանձագողերի թիրախի։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ դեռևս հռոմեական դարաշրջանում հիմնված այս թաղամասը 2011 թ․ աղետի գոտի էր հռչակվել այն բանից հետո, երբ ժայռաբեկորն ընկել էր քաղաքացիներից մեկի վրա, և վերջինս մահացել էր դրա հետևանքով։

Թաղամասի բնակչությունը տեղափոխվել է մեկ այլ բնակավայր։ Դատարկված թաղամասում պահպանության տակ առնված 21 եկեղեցի ու 14 պատմական տներ կան, որ թիրախավորվել են գանձ որոնողների կողմից։ Գանձագողերը վնաս են պատճառում սույն պատմական շինություններին։

Բաշքյոյի թաղապետ Յուսուֆ Թունջերը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ այստեղ գտնվում են նաև հին հունական տներ։ Նա հայտնել է, որ թեև տեղի իշխանություններն ամեն բան անում են գանձագողերին արգելք լինելու համար, սակայն չեն կարողանում զսպել նրանց։

Թաղապետը նաև ընդգծել է Կապադովկիայի մուտքը համարվող Բաշքյոյ թաղամասում զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։

https://www.milliyet.com.tr/gundem/yer-kayseri-defineciler-bosaltilan-mahalleyi-talan-etti-6961073

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net