| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 3094 դիտում,
        
            3094 դիտում,  2 տարի առաջ - 2023-05-18 15:18
            2 տարի առաջ - 2023-05-18 15:18  
         
                
            ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան օգնության ուղարկումն Արցախ հնարավոր չէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:
«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ… ինչպես հասկանում եմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր (մայիսի 17-ին), ըստ էության, մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա», - ասել է Փաուերը:
Նա հավելել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, հետևաբար, հնարավորության դեպքում օգնությունը տեղ են հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն: Սամանթա Փաուերը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել Արցախ՝ իրավիճակը գնահատելու համար:
Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել այն մասին՝ արդյոք Արցախի շրջափակումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ, և ինչ կարող է անել ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Արցախի ժողովրդին օգնելու համար:
Դարձյալ հիշեցնելով, որ մայիսի 17-ին՝ լսումներից առաջ, ԿԽՄԿ-ի ավտոշարասյունը կարողացել է մտնել Լեռնային Ղարաբաղ, Փաուերը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, ուստի ճանապարհի բացումը հրամայական է: