կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-16 09:32
Քաղաքական

Զատիկից հետո ձու ներկելու սինդրոմը․ «Փաստ»

Զատիկից հետո ձու ներկելու սինդրոմը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը... Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները հասան հայկական տիրույթ, սոցցանցերում վրդովմունքի, հայհոյանքի, անեծքի ալիքներ բարձրացան: Սա հետաքրքիր է այնքանով, որ տպավորություն է ստեղծվում, թե հանրության որոշակի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ ակնկալիքներ ուներ...

Փաշինյանից: Հետաքրքիր է՝ ինչի՞ հիման վրա: Նիկոլ Փաշինյանը, նախքան Բրյուսելի հանդիպումը, մի քանի անգամ հայտարարել է, որ՝ այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց այն կերպ, ինչ կերպ Ալիևն է ուզում, այսինքն՝ ուրանում է Արցախը: Այսինքն, այստեղ ի՞նչն է զարմանալի: Ի՞նչն էր այդքան անսպասելի: Իսկ վրդովմունքը բնական է: Բայց եթե այն մնում է վիրտուալ տարածքում, չի վերածվում անկասելի ցասման ու չի վերաճում քաղաքական ու վերքաղաքական հորձանքի, ապա իսկապես խոսակցություններն ավելորդ են: Ընդ որում՝ ի սկզբանե, որովհետև, կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:

Ու եթե դրանից հետո ամբողջ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Իջևանը, տո՛ Գլենդելն ու Լիոնն էլ հետը, փողոց չեն թափվում, պատասխան ու հեռացում չեն պահանջում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը, հայությանը պարտություն պարտության վրա ենթարկել, կործանել 600 տարվա դեգերումներից հետո պատմական հայրենիքի 10 տոկոսի վրա մեր պապերի՝ արնաքամվելով ճանկռտած պետությունը: Թե չէ՝ «ֆեյսբուքներում» ով ինչ ասես՝ կարող է գրել, թքել, մրել: Դրանից իրականության մեջ բան չի փոխվում: Առավել ևս՝ բան չեն փոխելու կատարված փաստերից հետո որևէ ցասում ու ընդվզում: Դա՝ ինչպես Զատիկից հետո ձու ներկել լինի, ինչը կոնկրետ դեպքում աններելի թիթիզություն է ու կոպիտ սխալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում