Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսանողական վաղ տարիքում (առաջին կուրսում), ոգևորվելով պատմագիտությամբ, մտերմիկ շրջանում մի օր կեսկատակ հարց տվեցի՝ գրականությու՞նն է առավել, թե՞ պատմությունը կամ պատմագիտությունը, որի շարադրանքը հենված է կոնկրետ աղբյուրների և գիտական փաստերի վրա, և բուհերում արժե՞ գրականություն դասավանդել: Զրույցին ներկա բ.գ.թ. Հայկազունի Ալվրցյանն անմիջապես վրա բերեց. «Վահե՛, առմիշտ հիշի՛ր՝ Հռոմը կործանվեց, հռոմեական գրականությունը մնաց, և աշխարհն է ցիտում նրան»:
Այդ բառերը դաջվեցին իմ մտքում, և դպրոցական ջուր ուղեղս սկսեց ավելի լրջորեն մտորել այդ հարցերի մասին: Մինչ այդ՝ դպրոցական տարիքում, Ջավախքում 1990-ական թթ. էլեկտրականության բացակայության պայմաններում, անընդմեջ կարդացել և լավատեղյակ էի հայ և օտարազգի դասականների գործերից շատերին: Այդուհանդերձ՝ գրականության խորհուրդը, արժեքը, խորությունն ու կենսունակությունը ես գիտակցեցի գրականագետի այդ մի նախադասությունից հետո միայն: Այդ օրը միայն զգացի, որ գրականություն կարդալն ու վեպերի, պատմվածքների մասին իմանալը մի բան է, այդ ամենի կրողը լինելը՝ բոլորովին այլ բան:
Պատմության, լեզվի և գրականության դասավանդումը բուհերում այսօրվա իշխանությունները ծանր բեռ են համարում: Պատճառաբանությունը՝ «դրանք խանգարում են մասնագիտական կրթություն ստանալուն՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրանք կրկնում են դպրոցին և ավելորդ են»: Այդ մասին ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ վարչապետը, ով կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ կիսածաղրական տոնով կրկին անլրջացրեց ամեն ինչ՝ վերստին հասկացնելով, որ լրջմիտ քննարկումների դարաշրջանն անցել է, և որոշումները կայացվում են բոլորովին այլ կերպ:
Իհարկե, դպրոցում կարելի է լավ սովորել և իմանալ պատմություն, լեզու և գրականություն, կարելի է դպրոցական ծրագրերի որակը բարձրացնելուն ուղղված քայլեր անել՝ այդ իմացությունը աշակերտի մոտ ամրապնդելու համար: Բայց դրանց յուրացումը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է. բանն այն է, որ հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը պետք է ոչ թե իմանալ, այլ՝ կրել: Ահա այդ կարևոր խնդիրն է լուծվում բուհում՝ այն եզակի միջավայրում, որը պարզապես չկա և չի կարող լինել դպրոցում: Չկա՝ ոչ թե նրա համար, որ կրթական ծրագրերի որակը վատն է կամ ոչ բավարար. բնա՛վ: Դպրոցը բոլորովին այլ տարիքային, հոգեբանական և կրթադաստիարակչական միջավայր է, և այստեղ պահանջել լրջագույն քննարկումներ ու ակնկալել նույնպիսի արդյունքներ՝ պարզապես անհեթեթ է:
Ի վերջո՝ ամեն ոք, անգամ՝ հայազգի սրիկաները կամ օտարազգի մեր բարեկամներն ու թշնամիները, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների գործակալները, կարող են լավագույնս տիրապետել և՛ հայերենին, և՛ հայոց պատմությանը, և՛ հայ գրականությանը: Ե՞վ: Այդ շրջանակները արդյո՞ք կրում են այդ արժեքները:
Օրինակներն ամենուր են.
Այսինքն՝ առաջին դեպքում մարդը աղոթքի կամ ծիսակարգի սոսկ մեխանիկական կատարողն էր, երկրորդ դեպքում (հոգևորականի միջամտությունից, այն է՝ «հանրային լրջագույն քննարկումից» հետո), մարդը (հավատացյալը) դարձավ այդ ամենի կրողը: Խոստովանենք, որ սրանք տրամագծորեն տարբեր բաներ են:
Հայաստանի հայությունը (Սփյուռքի խնդիրն այլ քննարկման առարկա է) քիչ թե շատ տիրապետում է մայրենիին, ընդհանուր առմամբ ծանոթ է սեփական պատմությանն ու այս կամ այն կերպ աղերսվել է գրական գործերին: Բայց իրավամբ քանի՞ տոկոսն է այդ ամենի կրողը, արդյո՞ք կարելի է պատմության, լեզվի և գրականության կրող համարել ներկայիս իշխանության մեջ գտնվող մի ողջ զանգվածի:
Չնսեմացնելով խորհրդային շրջանի պարարվեստի մեր երախտավորների կատարած հսկայածավալ աշխատանքը, այդուհանդերձ, փաստենք, որ պարի խորհուրդը հասարակությունը լայն իմաստով սկսեց իր մեջ կրել միայն վերջին շրջանում, երբ շատ պարային խմբեր բեմերից իջան և մտան հասարակության մեջ: Այստեղ պետք է նշել ամենակարևորը՝ պարարվեստի խորագիտակ առանձին նվիրյալներ պարի բաց դասերին և ամենատարբեր առիթներով սկսեցին զուգահեռ ներկայացնել նաև այդ տվյալ պարային շարժումների խորհուրդը: Եվ հասարակությունը կամաց-կամաց սկսեց գիտակցել, որ պարելու համար պետք է ունենալ ոչ թե բալետի չափորորոշիչներին համահունչ սլացիկ կազմվածք, այլ՝ ոգի:
Սրանով, կարելի է ասել, հեղաշրջում մտավ այդ բնագավառում. պարելը «արգելված չէ» այլևս, և պարը ոչ թե տարերային կամ սեռական ցանկություն առաջացնող ջղաձգումների ու մեխանիկական շարժումների մի ամբողջություն է, որի համար պարտադիր պայման են ուղիղ և երկար ոտքերը, պիրկ մեջքը, հավասար ուսերը և այլն, այլ պարը մշակույթ է, ազգային դիմագիծ է, որով իրավամբ ներկայացվում է հայոց բազմահազարամյա պատմության, ավանդույթների ու ծեսերի, հավատալիքների ու պաշտամունքների, հույզերի ու ապրումների, հայրենիքի, մոր, կնոջ հանդեպ գերագույն սիրո և այլնի խորհուրդը:
Բնավ պատահական չեն ասում. պարն առաջացել է այն ժամանակ, երբ մարդը խոսքով չի կարողացել լիարժեք ներկայացնել իր ասելիքը և սկսել է կիրառել շարժումների լեզուն:
Օրինակ, Կարնո՝ ինձ շատ հոգեհարազատ պարանմուշներից «Էջմիածինը» շատ ենք փորձել պարել, որի կարևոր դրվագներից է ձեռքերը ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը: Բնականաբար՝ դա ինձ և, համոզված եմ, շատերի համար սոսկ մեխանիկական, անգիտակից շարժում էր՝ մինչ այն պահը, երբ ես մի օր կարդացի Սրբուհի Լիսիցյան և հասկացա այդ պարի խորհուրդը. հայոց հնամենի պարերից «Էջմիածնի» այդ դրվագը խորհրդանշում է հայոց մեջ արևի պաշտամունքը, որը հավանաբար հետագայում՝ քրիստոնեական շրջանում, համեմատվել է եկեղեցու գմբեթի հետ: Նույնի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը, և այսպես՝ շարունակ:
Հետևաբար՝ մինչ Լիսիցյանը ես սոսկ պարող էի՝ նման դպրոցական այն աշակերտին, ով մեխանիկական ձևով անգիր գիտի հայերենի քերականությունը, գրական գործիչներին կամ պատմության հիշարժան էջերը, իսկ «հետլիսիցյանական» շրջանում ես դարձա այդ նույն պարի կրողը:
Ահա այս կրելու հույժ կարևոր խնդիրն է լուծվում բուհական միջավայրի քննարկումներում, որի կարևորության չափը դժվար է պատկերացնել անգամ:
Մոլեգնող հայատյացության մերօրյա պայմաններում հանրության՝ թմբիրի մեջ գտնվող մի մեծ հատված դեռևս հավատում է, որ այս իշխանությունների նոր և, շատ դեպքերում, հինը մերժող ծրագրերը, այդ թվում՝ հայագիտական առարկաների դասավանդմանն առնչվող նորամուծությունները, միմիայն բարիք են բերելու:
Այս առիթով ցիտեմ Ս. Զորյանի «Անմեռ Ղազարը» հայտնի գործը, որտեղ սատանան Ղազարին, իբրև լավություն, անմեռ է դարձնում: Իր անմեռությամբ տևական ժամանակ տառապող Ղազարն ի վերջո մի պառավի խորհրդով Համբարձման գիշերը երկնքից թողություն և մահ է խնդրում, ինչը և երկինքը կատարում է:
Հեքիաթ-պատմվածքը հիանալի է եզրափակում Զորյանը. «Երբ սատանան տեսնում է նրա հոգին՝ զարմանում է և ափսոսում, որովհետև սատանային պետք չէր նրա հոգին, նրա նպատակն էր մարդուն տանջել անմահությամբ»:
Մերօրյա հանրության ծանրակշիռ մասը հայտնվել է անմեռ Ղազարի կարգավիճակում, ով իշխանական շրջանակների սատանայական «լավության» զոհն է:
Վահե Սարգսյան