կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 13:48
Տնտեսական

Զատիկից հետո ձուկը կթանկանա

Զատիկից հետո ձուկը կթանկանա
Հայաստանի ձկնամթերքը հիմնականում արտահանվում է ՌԴ` Մոսկվայի մարզ, եւ մեր հիմնական սպառողը Մոսկվայի բնակչությունն է. լրագրողներին այսօր ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Կարեն Աթոյանը: Նա նշեց, որ հայ ձկնաբույծները փորձել են անմիջական կապեր ստեղծել սպառողների հետ, քանի որ մինչեւ մեր ձկնամթերքը հասնում է տեղ, մոտ 50-60 տոկոսով գինն ավելանում է:

 

Բանախոսը լրագրողներին ներկայացրեց վերջերս հայկական ձկնաբույծների արտադրած ձկան նկատմամբ Ռուսաստանի կողմից ներկրման արգելքների խնդրի վերաբերյալ մանրամասներ եւ նշեց, որ ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից կիրառվող արգելքներին, ապա դրանք ռուսական կողմը հիմնականում կիրառում է մեր ձկնամթերքում աղիքային ցուպիկի առկայության բացատրությամբ: Եվ եթե նույնիսկ դա այդպես է ու մեր ձկնամթերքում առկա է այդ մանրէն, ապա այն անցնում է, երբ լվացվում է ձուկը, առավել եւս` երբ ենթարկվում է ջերմային մշակման:

 

«Միայն Ռուսաստանն է, որ այսպիսի նորմատիվ ունի, քանի որ սննդային անվտանգության զարգացած համակարգ ունեցող բոլոր երկրներում գտնում են, որ աղիքային ցուպիկը ջերմային մշակման միջոցով անցնում է: Մեր բազմաթիվ հարցումներին, երբ մենք փորձում էինք պարզել, թե որ փուլում են հայտնաբերվել աղիքային ցուպիկները` ներկրմա՞ն, սպառմա՞ն, թե՞ օգտագործման, նրանք չկարողացան պատասխանել: Ուստի պարզ էր, որ նրանք պատվեր են կատարում: Պատճառը մենք կապում ենք մեր մրցակիցների հետ: Նույնիսկ «Ռոսգոսսելնադզոր» ընկերության աշխատակիցներից մեկը մեր ներկայացուցիչներից մեկին հայտնել էր, որ սա պատվեր է, բայց չէր կարող ասել, թե ով է պատվիրատուն»,- ասաց Կարեն Աթոյանը:

 

Նա կարեւորեց, որ մենք պետք է այլ պահեստային շուկաներ ձեռք բերենք, արտահանման նոր շուկաներ ունենանք, որպեսզի ռուսական կողմի ամենանգամյա քմահաճ վերաբերմունքի դեպքում չտուժենք: Հայ ձկնաբույծների միավորման նախագահը հայտնեց նաեւ, որ Ռուսաստանի կիրառած արգելքները ունեցել են իրենց ավերիչ հետեւանքները հայկական ձկնարդյունաբերության ու ձկնաբուծության վրա: Նա, մասնավորապես, նշեց, որ այդ արգելքի պատճառով մեր շուկայում լճացում տեղի ունեցավ, իսկ տնտեսական օրենքները հուշում են, որ յուրաքանչյուր լճացմանը հաջորդում է դեֆիցիտ, որն էլ, իր հերթին, բերում է շուկայում տվյալ ապրանքատեսակի գների բարձրացման: Ուստի ձկնաբույծների միավորման նախագահը հայտնեց իր կարծիքը, ըստ որի` կան նախադրյալներ, որ Հայաստանում առաջիկայում ձկնամթերքի գները կբարձրանան:

 

«Մինչեւ 2011 թվականը մենք պայքարում էինք, որ մեծածախ գինը չիջնի 1500 դրամից: Իսկ անցյալ տարի չկարողացանք, քանի որ ռուսական ընկերությունները մեծ պահանջ ներկայացրեցին, որի արդյունքում ձկնարտադրողները իրենց բոլոր միջոցները, դրանց գումարած` վարկեր վերցրեցին, նույնիսկ իրենց տները գրավ դրեցին ու միջոցներ ներդրեցին իրենց տնտեսություններում, որպեսզի առաջացած պահանջարկը բավարարեն, բայց Ռուսաստանը արտահանող ընկերություններին արգելեց իրենց երկիր Հայաստանից ձուկ ներմուծել, ու արտադրանքը մնաց Հայաստանում»,- նշեց Կարեն Աթոյանը:

 

Արդյունքում, նշեց բանախոսը, անցյալ տարի ձկան մեծածախ գինը իջավ մինչեւ 1150 դրամ, իսկ միջինում` 1200 դրամ` մեկ կիլոգրամ ձկան համար: Նա հայտնեց նաեւ որ վերջին 7 միսների ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել են 57 ձկնաբուծական տնտեսություններ:

 

Ինչ վերաբերում է ձկան թանկացմանը, ապա հայ ձկնաբույծների միավորման նախագահը նշեց, որ, ըստ կանխատեսման, առաջիկայում ձուկը միջինը 300 դրամով կթանկանա հայկական շուկայում: Այժմ ձկան մեծածախ գինը կազմում է մոտ 1400 դրամ, որը, Կարեն Աթոյանի կարծիքով, Զատկի տոներին կավելանա եւս 100 դրանով, իսկ դրանից հետո` մինչեւ 300 դրամով: Պատճառը, ըստ բանախոսի, այն է, որ մի շարք տնտեսություններ այլեւս ձուկ չեն արտադրում, իսկ մյուսները որոշել են կրճատել արտադրության ծավալները: Կարեն Աթոյանը խոսեց նաեւ հայկական շուկայում ձկան գնի ձեւավորման հարցերի մասին եւ նշեց, որ խանութները վերցնում ու այնպիսի գնով են վաճառում ձուկը, որ ձկնաբույծների շահույթը մի քանի անգամ գերազանցում է: Իսկ դրա համար, նրա կարծիքով, տնտեսական մրցակցության հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահել եւ այլ միջոցառումներ ձեռնարկել: Ինչ վերաբերում է հարցին, որ դեռեւս ներքին շուկայում խանութներում ձկան մանրածախ գնի եւ գնագոյացման հարցերը չլուծած, ինչո՞ւ են նեղանում ռուսական կողմից նման դրսեւորումների համար, Աթոյանը պատասխանեց, որ միայն մեկ ուղղությամբ չէ, որ պետք է աշխատել եւ իրենք ուզում են տարբեր ուղղություններով լուծումներ գտնել: