կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 10:35
Առանց Կատեգորիա

Պուտինյան վերադարձի սինդրոմը

Պուտինյան վերադարձի սինդրոմը

Հայաստանի քաղաքական դաշտի վերադասավորումների վրա ազդում են ոչ թե այս տարծաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող երկրների ներքին, քաղաքական անցուդարձերը, այլ այդ երկրների տարածաշրջանային շահերն ու դրանց փոփոխությունները:

 

Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ միայն ածանցյալ, հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան ընտրությունների վրա` առավելապես այն պատճառով, որ Դմիտրի Մեդվեդևի նախագահության շրջանի` ՌԴ հարավկովկասյան քաղաքականությունը ոչ միայն էականորեն չի շեղվել պուտինյան շեշտադրումներից, այլև փաստացի եղել է դրա կրողն ու շարունակությունը: Հետևաբար, մտավախություն չի կարող լինել, որ Ռուսաստանի ներկայիս վարչապետի` նախագահ «ընտրվելուց» հետո այդ շահերը և դրանց համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները բովանդակային փոփոխություն կկրեն: Առավել ևս, որ Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր վարած արտաքին ու ներքին քաղաքականությամբ նույնքան ընկալելի է Մոսկվայի համար, որքան ժամանակին Ռոբերտ Քոչարյանը:

 

Վերջինիս հնարավոր վերադարձը, որը երբեք բացառել չի կարելի, ըստ այդմ, պայմանավորված է լինելու ոչ թե Ռուսաստանում Մեդվեդև-Պուտին դիրքափոխությամբ, որքան, առաջին հերթին, Քոչարյանի ցանկությամբ և Հայաստանի ներքաղաքական իրողություններով: Այն սպասելիքները, թե Պուտինի վերադարձը հանգեցնելու է Քոչարյանի վերադարձին, ընդամենը բխում է Պուտին-Քոչարյան, Մեդվեդև-Սարգսյան պայմանական զույգերի անհատական, կառավարման մեթոդների ու գուցե նաև աշխարհայացքների նմանություններից, որն արհեստականորեն տրանսֆորմացվում է նաև նրանց վարքագծի և մոտիվացիաների վրա: Մինչդեռ Հայաստանում չկան քաղաքական այն նախադրյալները, որոնք այդքան բնական և անցնցում կապահովեն պուտինյան շրջադարձերը:

 

Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնը թողեց ոչ այնքան Սահմանադրական կարգը չխախտելու, որքան Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության ավելորդ թշնամանքը չհրահրելու, երկրի համար ավելորդ բարդություններ չառաջացնելու համար: Եվ նա ոչ թե իշխանությունից դուրս եկավ, այլ դե յուրե լիդերի կարգավիճակը փոխեց դե ֆակտո լիդերի կարգավիճակի: Չնայած նոր նախագահի առկայությանը և վերջինիս ազատության որոշակի դիապազոնի ապահովմանը` նա շարունակում էր ամբողջությամբ իր ձեռքերում կենտրոնացված պահել պետության և իշխանության, քաղաքական և տնտեսական բոլոր լծակները: Անցած 5 տարիների ընթացքում, մի քանի առիթներ օգտագործելով, նա թե՛ դե յուրե նախագահին և թե՛ երկրի քաղաքական, տնտեսական էլիտային կարողացավ ապացուցել, որ հիմնական որոշումները կայացնողը մնում է ինքը: Ըստ էության` ներկայումս Պուտինը պարզապես օրինականացնում է իր ունեցած փաստացի կարգավիճակը: Եվ դա, չնայած բնույթով տոտալիտարիզմի ձգտող ավտորիտարիզմին, այնքան հասկանալի ու բնական է Ռուաստանի քաղաքական շերտերի ու հասարակության համար, որ որևէ լուրջ ռեզոնանս, բացի նման իրավիճակներում անխուսափելի կադրային զտումներից, չի առաջացնում: Եվ արդեն բոլորը հասկանում են, որ առաջիկա նախագահական ընտրությունները պարզապես ձևական բնույթ են ունենալու:

 

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո որևէ առանցքային պաշտոն չզբաղեցրեց. նա ընդհանրապես դուրս եկավ կառավարման համակարգից` որդեգրելով առավելագույնը դիտորդի կարգավիճակ: Եվ չնայած մերթ ընդ մերթ արվող հայտարարություններին, Քոչարյանը որևէ փորձ չի անում ազդելու գործող նախագահի կողմից կայացվող որոշումների վրա: Նա իր հաջորդին ամբողջությամբ փոխանցեց ունեցած ազդեցության բոլոր լծակները, նրա տրամադրության տակ դրեց բոլոր ռեսուրսները: Դժվար է ասել` Քոչարյանը դրան գնաց իր նախաձեռնությամբ, թե ստիպված, բայց փաստը մնում է փաստ, որ իր այդ քայլով Քոչարյանը Սերժ Սարգսյանին ժառանգեց ուժեղ, կենտրոնաձիգ իշխանություն, որն ուղղակի անհրաժեշտ էր հենց իշխանությանն սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Բայց հիմա նա արդեն ամբողջությամբ չի տիրապետում այն լծակներին, որոնք նույնքան բնական, սահուն կդարձնեին նրա վերադարձը նախագահական, ինչպես Ռուսաստանում:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ