Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 20-ին կայացած` ՀԱԿ և ՀԺԿ համատեղ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Հայաստանում ներկայումս ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համեմատել է 1988թ. Չիլիում բռնապետ Պինոչետի կողմից նախաձեռնված վստահության պլեբիսցիտի հետ: Նրանք, ովքեր տեղյակ չեն, թե խոսքն ինչի մասին է, հիշեցնենք, որ 1988թ. Չիլիի բռնակալ Ավգուստո Պինոչետը հանրաքվեի դրեց այն հարցը, թե ցանկանո՞ւմ է, արդյոք, Չիլիի ժողովուրդը, որպեսզի ինքը շարունակի երկրի ղեկավարումը: Հոկտեմբերին անցկացված քվեարկության ժամանակ, սակայն, հանրության 55 տոկոսը «ոչ» քվեարկեց` փաստացի դնելով Պինոչետի հեռացման հիմքերը:
Զուրաբյանի անցկացրած համեմատության հիմքում ընկած է ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված այն կեղծ թեզը, թե իրականում սահմանադրական հանրաքվեի է դրված ոչ թե նոր Սահմանադրության նախագիծը, այլ դրա անվան տակ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման հարցը: Իսկ թեզը կեղծ է մեկ հիմնական պատճառով` եթե իսկապես դրա տակ «Ոչ»-ի կողմնակիցները տեսնում են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման նպատակ ու ընտրողներին դրան «ոչ» ասելուն են մղում, ապա պետք է նաև բացատրեն, թե ինչպե՞ս է «Ոչ»-ի հաղթանակը հանգեցնելու բովանդակային ու ամբողջական իշխանափոխության: Երբ Չիլիի ժողովուրդը գնում էր ընտրատեղամասեր` քվեարկելու, հստակ գիտեր, թե ինչի է հանգեցնելու իր «ոչ»-ը: Քվեարկության գնացող հայաստանյան պոտենցիալ ընտողը կարո՞ղ է համոզված լինել, որ «Ոչ»-ի հաղթանակը հանգեցնելու է իշխանափոխության, այլ ոչ թե գործող իշխանական համակարգի շարունակումը լեգիտիմացնելուն, իսկ հաջորդ համապետական ընտրությունների միջոցով` նաև դրա հերթական վերարտադրմանը:
Չիլիում Պինոչետի և իշխող խունտայի պարտության հիմնական պատճառը միայն նրանց բռնատիրական բնույթը չէր ու ոչ էլ, որքան էլ տարօրինակ հնչի, ժողովրդի ատելությունը սեփական իշխանության հանդեպ: «Ոչ»-ի հաղթանակի հիմնական գրավականը ընդդիմության կոնսոլիդացվածությունն էր ոչ միայն ռազմավարական, այլև մարտավարության հարցերում: Չիլիում երկընտրանքը շատ հասկանալի էր` իշխանությունն ինքն էր սանձազերծել սեփական վստահության հարցի առաջադրումը, և եթե կար այդ ռեժիմին հաղթելու մեկ տարբերակ, ապա դա ինքնաբերաբար «Ոչ»-ի շուրջը գաղափարական ու քաղաքական կոնսոլիդացումն էր:
Հայաստանում նման երկընտրանք պարզապես չկա: Ավելին` որքան ներկայիս «Ոչ»-ի ճամբարում համախմբված ուժերն են համոզված, որ սահմանադրական փոփոխություններն արվում են գործող իշխանության երկարաձգման նպատակով, նույնքան էլ «Այո»-ի բևեռում համախմբված ընդդիմադիր ուժերն են համոզղված, որ «Ոչ»-ի հաղթանակն է նպաստելու դրան: Այլ կերպ ասած` գործ ունենք ընդդիմադիր դաշտում առկա սկզբունքային կամ ռազմավարական հակասությունների հետ:
Բայց ենթադրենք` «Ոչ»-իամբողջական ճամբարը ճիշտ է, և դրա հաղթանակի դեպքում դեկտեմբերի 7-ին իշխանությունը խուճապահար փախչելու է Հայաստանից: Ինչպե՞ս են այդ ուժերն ապահովելու «Ոչ»-ի հաղթանակը կամ ի՞նչ են հասկանում, առհասարակ` հաղթանակ ասելով: Նոյեմբերի 20-ի հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարարում էր. «Եթե ժողովուրդը զանգվածաբար գնա «ոչ» քվեարկելու, կլուծվեն մի քանի խնդիրներ։ Ժողովրդի կամքը հստակ ներկայացված կլինի, ինչը մեր վստահված անձանց թույլ կտա եռակի եռանդով պաշտպանել նրանց քվեները։ Եթե բոյկոտ լինի, նրանք պաշտպանելու բան չեն ունենալու։ Բարձր մասնակցությունը կկրճատի բազմակի քվեարկության` ռեժիմի հնարավորությունը։ Ժողովրդի բարձր տրամադրությունը և «ոչ» քվեարկելու հակվածությունը կնվազեցնի ընտրակաշառք բաժանելու ազդեցությունը»: Այլ կերպ ասած` «Ոչ»-ի միասնական շտաբը հորդորում է հանրությանը` ակտիվորեն մասնակցել քվեարկությանը և նոր Սահմանադրությունը մերժելու` իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել քվեարկության միջոցով: Առաջարկն իսկապես խիստ տրամաբանված է և նպատակին ծառայելու տեսանկյունից քաղաքականապես հիմնավորված:
Բայց ահա այդ նույն հանրահավաքի ժամանակ ամբիոն է բարձրանում «Ոչ»-ի մյուս ճակատը ներկայացնող «Նոր Հայաստան» նախաձեռնությանը մաս կազմող «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Իրինա Հարությունյանը և այն հանրույթին, որին Զուրաբյանն ուղարկում էր ընտրատեղամասեր` քվեարկությանը մասնակցելու, նույնքան քաղաքականապես հիմնավորված ու տրամաբանված կերպով հորդորում է. «Հանրային փրկության միասնական ճակատը» կոչ է անում չսպասել հանրաքվեին եւ դեկտեմբերի 1-ին ժողովրդական ընդվզում կազմակերպել, որպեսզի կանխեն այդ չարիք սահմանադրական բարեփոխումները»: Այսինքն` «Ոչ»-ի մյուս ճակատը հանրությանը կոչ է անում չգնալ քվեարկության և դեռ քվեարկությունից առաջ քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանությանը հրաժարական պարտադրել:
Սա էլ դեռ քիչ է, վերջում ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը հայտարարում է, թե իրենց հաջորդ հանրահավաքը կայանալու է դեկտեմբերի 3-ին, այսինքն` «Ոչ»-ի մյուս բևեռի` «Նոր Հայաստանի» կողմից նախաձեռնված անհնազանդությունների մեկնարկն ավետող դեկտեմբերի 1-ի հանրահավաքից ուղիղ երկու օր անց:
Եվ հիմա «Ոչ»-ի հարցում կողմնորոշված խեղճ հանրույթը պետք է ընտրի` ճիշտը քվեարկության գնալն ու սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասե՞լն է, թե՞ չմասնակցելն ու հեղափոխություն անելը, կամ` ճիշտը դեկտեմբերի 1–ի՞, թե՞ դրան, ըստ էության, հակակշռող` դեկտեմբերի 3-ի հանրահավաքին մասնակցելն է:
Հիմա մի պահ պատկերացնենք` ինչ կլիներ, եթե 1988թ. հոկտեմբերի 5-ի նախօրեին նման իրավիճակ լիներ Չիլիում: Քանի՞ տոկոս էր լինելու հավանականությունը, որ նման «Ոչ»-ը հաղթանակ էր տանելու:
Հետևաբար, երբ փորձ է արվում համեմատվել Չիլիի հետ, ապա պետք է բավականաչափ ազնիվ լինել համեմատությունները բոլոր ասպեկտներով անցկացնելու համար, այդ թվում` նաև «Ոչ»-ի իրական ներուժի:
Գևորգ Աղաբաբյան