Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասում է, որ անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական, գաղափարախոսական տարաձայնություններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբվածություն: Այլ կերպ լինել չէր կարող: Խոսելով միջազգային աջակցության մասին՝ նա նշում է, որ «մեզ չի կարող բավարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող ցինիկ պատասխանները», եթե Ադրբեջանը զենքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետությունից կգնի: Ըստ Լիլիթ Գալստյանի՝ իրավունք ունենք հիասթափություն ապրելու թե՛ ՀՀ դաշնակիցներից, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմամբ լիազորված միջազգային կառույցներից։
- Հայաստանում հպարտորեն արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված քառօրյա պատերազմը համախմբեց ողջ ժողովրդին, քաղաքական ուժերին: Ընդդիմությունը մի կողմ թողեց իր տարակարծությունները իշխանությունների հետ: Ընդհուպ հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց քառօրյա պատերազմը:
- Ճիշտ նկատեցիք: Քառօրյա այս պատերազմը, իսկ ես հակված եմ մտածելու, որ այն դեռ շարունակվում է, շատ բան փոխեց Հայաստանում. մենք արժևորվելու, վերաարժևորելու լուրջ առիթ ունենք: Աներկբա է` ունեցանք ազգային համախոհության, ազգային միասնության բաղձալի մի մակարդակ, որակապես նոր պատկերի առաջ կանգնեցինք՝ խիստ փափագելի, խիստ գնահատելի: Կարծում եմ, որ այդ օրերին ցանկացած պետության նախագահ պիտի նախանձեր մեր երկրի նախագահին՝ նման քաղաքացիական, ազգային համախմբվածության որակների համար: Ցանկացած մարդ պիտի նախանձեր մեզ ու ցանկություն ունենար լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ոգեղենականության, համոզվածության, աննահանջության ֆենոմենալ որակ գրանցվեց: Հենց սա է մեր իսկական տեսակը: Ժամանակին շատ ենք մեզ թերագնահատել, բարոյական, հոգեբանական պարտություններ ենք ունեցել, բայց մեր իսկական «մենք»-ը ճիշտ այդպիսին է:
- Քաղաքական ընկալումների առումով ի՞նչ դասեր պետք է քաղենք:
- Անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական, գաղափարախոսական տարաձայնություններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբվածություն: Այլ կերպ լինել չէր կարող: Երբ լուրջ սպառնալիք կա մեր զույգ պետականությունների՝ Հայաստանի և Ղարաբաղի ազգային անվտանգությանը, քաղաքական բոլոր ուժերը պիտի կողմ թողնեին իրենց ներքին անհամաձայնությունները, դառնային միակամ արտաքին մարտահրավերի շուրջ, որովհետև ի վերջո մեր ազգային անվտանգության խնդիրն է: Այս պատերազմը բոլորովին էլ Լեռնային Ղարաբաղի սահմաններում չէր սկսվում և ավարտվում: Ճիշտ էր մեր հավաքական գիտակցումը՝ յուրաքանչյուրիս տունն իսկապես սկսվում է Լեռնային Ղարաբաղի առաջնագծի խրամատից:
Մենք պետք է ամեն ինչ անենք, մասնավորապես՝ քաղաքական պատասխանատվություն կրող բոլոր ուժերը, հատկապես՝ իշխանությունները, գնահատելու այս դրական էներգիան և այն ուղղելու հատկապես Հայաստանի ներքաղաքական օրակարգին: Իսկ որ մենք Հայաստանում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք էլ ավելի ջրի երես դուրս եկան վերջին տասը օրերի ընթացքում, աներկբա է: Պետք է կարողանալ քաղաքական, քաղաքացիական իմաստնություն դրսևորել՝ առաջնահերթությունների գնահատման իմաստով: Այսօր առաջնահերթությունը մեր սահմանի զինվորն է: 18-ամյա հայ զինվորն ապացուցեց, որ ինքն է պետություն պահողը, նա կարողացավ անթարթ նայել թուրքի աչքերին ու չնահանջել: Մենք իրենց պարտք ենք և այդ պարտքը պետք է դրդի բոլորիս լավ Հայաստան ունենալու: Անկեղծ եմ ասում, ինձ երբեք չի մխիթարում մեր մեկ զոհի դիմաց իրենց տասը կամ հազար զոհը, որովհետև ինձ համար մեր տղաների արյան ամեն կաթիլն է թանկ: Թուրքը ներում չունի… Մենք կարճատև հաղթանակ արձանագրեցինք, բայց պատերազմը շարունակվում է: Մենակ ուժեղների հետ են խոսում: Իսկ ուժեղների հետ խոսելու մեծ դիվանագիտական, քաղաքական դաշտ է բացվել: Մեր երկրի նախագահն, ավելի ուժեղ պիտի լինի, շատ ավելի համոզիչ պիտի լինի, երբ ունենա հանրային հենարան: Բացառությամբ վերջին տասը օրերի, հանրային հենարանը, ցավոք, սոցիալական, տնտեսական և համատարած անարդարության պատճառով երերուն է, սա խոցելի է դարձնում բանակցային գործընթացներում մեր դիրքերը: Այս տասը օրերի արժեվորման մեջ ի թիվս կարևոր այն ձեռքբերումների, որի անունն է ազգային համախոհություն, ինչը բացառիկ ռեսուրս է պետության համար, մենք նաև քաղաքական վարքագիծը սրբագրելու մարտահրավերի առջև ենք։ Մեր իշխանությունները պիտի ապացուցեն, որ արժանի են մեր քաղաքացուն: Այսպիսի թիկունք չեն պահում…
- Խոսեցիք այն մասին, որ ներքին աննախադեպ համախմբվածություն կա, բայց մյուս կողմից արտաքին համախմբվածությունը, կարծես, բացակայում է: Իր ելույթում Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ մենք համախոհներ արտաքին դաշտում չունենք ու երբեք էլ չենք ունեցել: Արդյո՞ք հնարավոր է պայքարել արտաքին մարտահրավերի դեմ, երբ չկա արտաքին աջակցություն, բայց կա ներքին միասնականություն:
- Ճիշտ է ապացուցվեց, որ մեր հիմնական դաշնակիցը մենք ենք, բայց ես ամբողջությամբ չէի հերքի, որ դաշնակիցներ չունենք: Երեկվա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում տասնյակ պատգամավորների հայանպաստ ելույթները վկա։ Պարզապես եկել է պահը մեր արտաքին քաղաքականությունը գնահատելու, արժևորելու, հարցեր տալու: Ինչպե՞ս է լինում, որ մենք մեզ շարունակ խոցված ենք զգում, մենակ ենք զգում, մեր դաշնակիցների խոստումները դրժված ենք տեսնում, մեր համաձայնագրերը՝ չաշխատող, մեր զինվորին մենակ ենք թողնում … Սիրտս մեղավորությունից ցավում է, խրամատների այն պատկերները, որ մենք տեսնում ենք՝ պահածոների տուփերով անվտանգության միջոցառումները կամ հանգստի ժամին բետոնի վրա պառկած զինվորին ... Մեղավորությամբ եմ ասում, բայց այդ ինչպե՞ս է լինում, որ առաջին գծում հայտնված տղերքը, որ երկիր պահող են, մեզ պահողներն են, սոցիալապես անապահով ընտանիքներից են, ինչպե՞ս է լինում, որ հայտնվում ենք ժամկետանց զինամթերքի հույսին, ինչպե՞ս է լինում, որ բարձրաստիճան սպաները փողոցներում շքեղ մեքենաներով են պտտվում, երբ զինվորի զենքը… Սրանք լուրջ հարցեր են, սրանց պատասխանները պիտի պահանջենք, մեր քաղաքացին պիտի ներքին հարցերում պահանջատեր դառնա: Այդ հոգեփոխությունը, որ մենք ունեցանք այս տասը օրերին, քաղաքացու նոր որակներ էլ կկերտի: Ամեն դեպքում ուզում եմ շեշտել, որ մենք ենք մեր հիմնական դաշնակիցը:
- ՀՀ իշխանությունները պահանջում են Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես բանակցային կողմ: Շատերն այս հարցի մեղավորությունը կապում են երկրորդ նախագահի պաշտոնավարման հետ, երբ կոալիցիա էր նաև Դաշնակցությունը, որովհետև հենց այդ ժամանակ ԼՂ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից: Հնարավոր կլինի՞ ուղղել սխալը, ԼՂ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին:
- Այո, Լեռնային Ղարաբաղը պիտի դառնա բանակցությունների մաս: Դժվար է Հայաստանում, ԼՂ-ում գտնել մեկին, ով այս կարծիքին չէ: Օրեր առաջ, երկրի նախագահը ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ այս մասին խոսեց, խոսեց նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ հակամարտության լուծման ճանապարհին բանակցային գործընթացը շատ ավելի խոցելի կլինի, եթե այնտեղ ԼՂ-ն մասնակից չլինի:
Վերջին պատերազմը մեր դիվանագիտական գործիքակազմում մարտավարական ընթացքներում լուրջ խմբագրումների դուռ է բացել: Մենք պետք է մեր հանդեպ շատ ավելի պահանջկոտ, շատ ավելի խիստ ու համառ լինենք, որ հնարավորինս շահեկան դուրս գանք:
Սերժ Սարգսյանի վերահաստատումը, որ Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է ու կնքելու է ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր, կարծում եմ, կարևոր քայլերից մեկն էր՝ ԼՂ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու: Սա Հայաստանի կողմից, ԼՂՀ–ն ճանաչելու ճանապարհին կարևոր քայլ է: Այս պահին ԼՂ-ն չճանաչելու մեկ քայլ ետ պահելը բանակցային գործընթացը չխոչընդոտելու մարտավարության շարքից է:
Այո, Դաշնակցությունը Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակ կոալիցիայի մաս էր, բայց առաջին իսկ օրվանից ՀՅԴ-ն պնդել է, փորձել ենք բոլոր հնարավոր տարբերակները, խողովակները օգտագործել՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, որ ԼՂ-ն վերադարձնեն բանակցային գործընթաց: Այնպես որ մենք երբեք հաշտ չենք եղել, երբեք չենք համակերպվել դրա հետ:
Ցավոք, մեր արտաքին քաղաքականությունը կդժվարանամ արդյունավետ գնահատել: Իզուր չէ, որ այս օրերին շատ շատերն են դիվանագիտական ճիգերը ոչ դրական գնահատվում:
- Համաձա՞յն եք, որ պետք չէ ամեն ինչ արդարացնել միջազգային հանրության անգործությամբ: Նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ հասցեական հայտարարությունները նաև Ռուսաստանի Դաշնության վարքագիծը՝ որպես ռազմավարական գործընկերոջ:
- Մեզ վաղուց չի բավարարում երկակի ստանդարտների քաղաքականությունը: Մեզ չի կարող բավարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող ցինիկ պատասխանները, եթե Ադրբեջանը զենքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետությունից կգնի: Սա մեղմ ասած ոչ բարոյական է:
Այդ նույն Ռուսաստանը, երբ Իրանի դեմ պատժամիջոցներ էին կիրառում, հարկադրված էր դադարեցնել զինամթերքի մատակարարումը, թեև Իրանը դաշնակից պետություն էր: Դաշնակցի անվտանգության պահին բիզնեսը մղել առաջին գիծ իսկապես ցինիկ է, եթե ոչ՝ անբարոյական: Մեր պես նվիրված դաշնակից Ռուսաստանը չունի, մենք այդ մասին ապացուցելու կարիք էլ չունենք, բայց բարեկամությունը փոխադարձ պիտի լինի: Ցավոք, վերջին օրերի անհասկացողությունը, երկակի ստանդարտների վարքագիծը, ԵՏՄ համաժողովը Հայաստանում չանցկացնելը, ես բարեկամական երկրների քայլ չեմ համարում: Շատ միջազգային կառույցների մանդատ ու գործառույթներ, ինչպես ՀԱՊԿ, ԵՏՄ, պետք է գնահատենք, մեր անդամակցությունը պետք է արժևորենք: Եթե չպետք է աշխատի ՀԱՊԿ-ը, էլ ինչո՞ւ ենք մենք այնտեղ, ինչո՞ւ ենք մենք ստորագրել այդ համաձայնագրերը: Հետո ո՞վ ասաց, որ դաշնակիցները լինում են ամբողջ կյանքի համար ու միայն մեկն են լինում: «Կամ-կամ»-ի ընտրությունը, որ դրվեց Հայաստանի առաջ, փաստեց, որ այդքան էլ արդյունավետ չէ: Ռուսաստանը ինքը պետք է շահագրգռված լինի համագործակցությամբ, որովհետև իր միջազգային դերակատարությունը բարձրացնելու խնդիր ունի:
Ինձ համար տարօրինակ է, խորը հարցականի տակ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Մենք այդքան պնդում ենք, որ միակ միջազգային մանդատը Մինսկի միջնորդական խմբի մանդատն է, բայց պարզվում է, որ հայտարարում են, որ լիազորված չեն ճշտելու, թե ով է նախահարձակ եղել: Սա ծիծաղելի է: Ինչպես պետք է միջնորդական առաքելություն իրականացնես, երբ պատճառների, առիթների ամբողջ փաթեթին չես տիրապետում:
Այնպես որ, մենք ունենք իրավունք խորը հիասթափություն ապրելու թե՛ մեր դաշնակիցներից, թե՛ միջազգային կառույցներից, որոնք լիազորված են զբաղվել խնդրի հանգուցալուծմամբ: