Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար, այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան:
«Ես շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և, իմ դիրքն օգտագործելով, ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը», - ասաց Էդուարդո Էռնեկյանը:
Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ՄԱԶԾ-ն եկավ այն եզրակացության, որ հայկական Սփյուռքը՝ իր ընդարձակ կապերով և հարուստ փորձով, կարող է դյուրին դարձնել և նպաստել ազգային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ այսպիսով նպաստելով երկրի ընդհանուր զարգացմանը: Պրն. Էռնեկյանի և իր կողմից հիմնված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ գործընկերությունն ունի երկար պատմություն, և այն կյանքի կոչվեց 2012թ.-ի մայիսին, երբ ՄԱԶԾ-ն և ՖԱՀ-ը ստորագրեցին համաձայնագիր՝ Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքներում գյուղատնտեսական և փոքր բիզնեսի գործունեությանն աջակցելու համար: Այս գործընկերության նպատակն է միկրոշրջանում տնտեսական վերածննդի խթանումը՝ ֆերմերային ասոցիացիաներ ստեղծելու, գյուղական տնտեսական ենթակառուցվածքները բարելավելու միջոցով, որպես գյուղական աղքատության վերացման կարևորագույն տարր, ինչպես նաև սննդի վերամշակման միկրոձեռնարկությունների ստեղծումը և չմշակվող վարելահողերը ցանքաշրջանառության վերադարձնելը: «Հայկական գյուղի վերածնունդ` զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը հատկացրել է «Ֆրութֆուլ Արմենիա»-ն:
«ՄԱԶԾ-ի համար մեծ պատիվ է նշանակել պրն. Էդուարդո Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան: Մենք ունենք հաջողված գործընկերության փորձ պրն. Էռնեկյանի և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ: ՄԱԶԾ-ն ակնկալում է սերտ համագործակցություն պրն. Էռնեկյանի հետ, որպես Ազգային բարի կամքի դեսպան, և որ նա կօգտագործի իր ընդարձակ կապերը և կշարունակի մոբիլիզացնել Սփյուռքի ջանքերը Հայաստանում աղքատության դեմ պայքարելու և Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար», - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան:
Էդուարդո Էռնեկյանը վայելում է համաշխարհային հեղինակություն: 2012թ.-ի օգոստոսին, որպես Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամի պատվավոր նախագահ, Էդուարդո Էռնեկյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: ՄԱԿ-ը բարձր գնահատեց նրա աշխատանքը հիմնադրամի գլոբալ կրթական գործունեությունը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: 2012թ.-ի մայիսին, գործարարության ոլորտում իր ձեռքբերումների համար նա արժանացավ հեղինակավոր «Բիզնես հանուն խաղաղության-2012» մրցանակի` տրված հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված էր նաև Նոբելյան մրցանակակիրներից:
2001թ.-ին ՀՀ կառավարության կողմից պրն. Էռնեկյանին հանձնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալը, 2010թ.-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից՝ «Տարվա մարդ» շքանշանը, և 2011թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսը: