կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-28 18:25
Աշխարհ

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնել է Թագավորի օրը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնել է Թագավորի օրը

Ապրիլի 27-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվբարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին տոնել է Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատնից։

«Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։

Ապրիլի 27-ին երեխաները տոնավաճառներ են անցկացնում՝ խաղալիքների առևտրի համար, իսկ թագավորն ու իր ընտանիքն այցելում են Նիդերլանդների մեկ կամ երկու քաղաքներ, այս տարի՝ երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Ռոտերդամը, որտեղ ավանդական նիդերլանդական խաղերի, պարերի և երաժշտության, ինչպես նաև բազմամշակութային հասարակության մյուս ներկայացուցիչների մշակութային բանահյուսության ցուցադրություններ են լինում։

Հիմնադրումից ի վեր երկրորդ անգամ դեսպանատունը տոնում է Koningsdag-ը Հայաստանում, աշխարհի, տարածաշրջանի ու Հայաստանի համար դժվար ժամանակներում՝ նշել է Ն․Գ․ դեսպան Նիկո Սխերմերսը։

«Հայաստանը դրական բացառություն է ու հույսի փարոս մռայլ ժամանակներում , ինչը ողջունելի է: Երկիր, որն ունի խելամտություն՝ ճանաչելու միջազգային իրավական կարգի կարևորությունը և քաջություն դրան ինտեգրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Ավելորդ է ասել, որ Նիդերլանդների Թագավորությունը, որպես միջազգային իրավունքի հիմնադիր, պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ջանքերում»,- իր ելույթի խոսում նշել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Թագավորի օրվա տոնակատարությանը ներկա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր երկրի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:

«Նիդերլանդները Եվրոպական միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- իր ելույթում նշել է Մհեր Գրիգորյանը:

Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը:

2013 թվականից Նիդերլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը»,- նշված է հաղորդագրությունում։