կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 11:30
Քաղաքական

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը  ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար  իրավիճակին` նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն  ընդլայնելու  և զարգացնելու գործում։

Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։

Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։ 

Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։