Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատգամավորական հայտարարությունների շրջանակներում անդրադարձել է ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից հնչեցված հայտարարության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների արձագանքներին:
«Դեռևս 2021թ. փետրվարին իմ կողմից այս դահլիճում առաջարկ հնչեցվեց միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման շարունակականությունն ապահովել և բնականոն գործունեություն ծավալել երկու խորհրդարանների միջև, որովհետև դրանից կախված են մի շարք քաղաքական հարցերի լուծումներ, այդ թվում՝ տարբեր երկրներում մեր բարեկամական խմբերի և շրջանակների հետ կապված աշխատանքները»,- նշել է նա:
Պատգամավորն Ազգային ժողովի նախագահին, իր գործընկերներին առաջարկել է առաջիկայում առցանց հանդիպում կազմակերպել, եթե հնարավոր լինի միջխորհրդարանական հանձնաժողովների ձևաչափի մակարդակով կամ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խմբակցությունների ղեկավարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալների միջև՝ քննարկելու նմանատիպ հարցեր: «Կուզենայի՝ ճիշտ ընկալվի և ճիշտ ըմբռնում լինի Հայաստանի մեր գործընկերների մոտ առանց իրենց վիրավորելու, իսկ նրանք մեզ վիրավորում են համապատասխան արտահայտություններով, համապատասխան տեսակետներ ներկայացնելով: Մեր հայտարարությունները գրեթե միշտ լինում են խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերի ձևաչափով, այսինքն՝ միասնական, իսկ սա մեր մեծագույն նվաճումներից մեկն է, որին կարող են հետևել ՀՀ մեր գործընկերները և համախոհության մթնոլորտի դրսևորումն իրենց համար դարձնել մշակույթ»,- իր հայտարարության մեջ նշել է Դավիթ Իշխանյանը:
Նա հավելել է, որ քաղաքական պատասխանատվություն, քաղաքական կամք, գիտակցում կա մեր յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր խոսքի և գործողությունների համար: «Ոչ թե կրակի վրա յուղ լցնել, այլ կրակը մարելու քայլ ձեռնարկել: Մեր մեկնած ձեռքը, կարծում եմ, Հայաստանի մեր գործընկերները կընդունեն և համապատասխան եզրակացություններ կանեն»,- ասել է Դ. Իշխանյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրը՝ որպես պատգամավոր, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, տարբեր տեսակետներ կարող է ներկայացնել, բայց հավաքական տեսակետն ավելի արդյունավետ ու ճիշտ կլինի: