կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-20 18:23
Հասարակություն

Ամբոխավարության վրա հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված քայլերը՝ չեն կարող սասանել մեր միասնականությունը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Ամբոխավարության վրա  հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված  քայլերը՝ չեն կարող սասանել մեր միասնականությունը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Սիրո և համերաշխության կարգախոսի քողի տակ հանրության զգոնությունը թուլացնող և ամբոխավարության մղումներով ազգային պետական արժեքները ոտնահարող ուժերն անցել են թույլատրելի բոլոր սահմանները:

Վերջին օրերին ականատեսը եղանք ՀՀ-ում ստեղծված արհեստածին պայթունավտանգ իրավիճակի, որը փորձ է արվում տեղափոխել Արցախի քաղաքական դաշտ:  Այդ ամենը  միտված են  զոհողություններով և արյամբ ձեռք բերված  հայկական պետական համակարգը խաթարելու և  հաղթանակների գրավական՝  համազգային  համերաշխությունը սասանելու:

ՀՅ Դաշնակցության դեմ վայրահաչոցներն ու  ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի օրերին առանցքային դեր ունեցող մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանի և իր մանկահասակ թոռների նկատմամբ թույլ տրված տմարդի ոտնձգությունը՝  ստոր գործընթացների հետևանք են:

Դաշնակցությունն անխոնջ պահակն է ազգային արժեքների:  Հայ ժողովիդի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ  համախմբման ռահվիրա  կուսակցությունը  ունակ է իր ավանդական մոտեցումներով ստանձնելու պատասխանատվություն, միասնություն ու հարգանք պարտադրելով  բոլորին: Թող որ դա կասկածի առարկա չդառնա:

Իսկ ինչ մնում է Մայր հայրենքի իշխանություններին՝ կոչ ենք անում սթափվել եւ իրական պատասխանատվություն կրել: Անխոհեմ քայլերը վտանգում  են բոլորիս անվտանգությունը: Հատվածական օրախնդիր մոտեցումերը,  փորձերը, որով ցանկանում եք քողարկել անհաջողություններն ու ամբոխահաճո խոստումների ձախողումները՝ վաղ թե ուշ դատապարտված են բացահայտման: Իսկ պատմության եւ ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելը՝ անհնարին է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վստահ ենք, որ ամբոխավարության վրա  հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված  քայլերը՝  չեն կարող սասանել մեր միասնականությունն ու շեղել սերունդների նկատմամբ պարտավորեցնող  պատասխանատվությունից:

 

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

20.05.2019թ.