կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 19:18
Առանց Կատեգորիա

Մեր մահացու միասնականությունը

Մեր մահացու միասնականությունը

Անկախ Հայաստանի ոչ բոլոր զորահանդեսներին հետեւել եմ հեռուստաէկրանից: Մնացածից նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել: Միշտ ինչ-որ կոչ եմ կարդացել դրանց մեջ` մենք ուժեղ ենք, մենք լավն ենք, մենք պատրաստ ենք: Ումի՞ց ենք ուժեղ, ումի՞ց ենք լավը, ինչի՞ն ենք պատրաստ: Ցանկացած ուժից սպանության հոտ է գալիս, նույնիսկ ուրիշից լավը լինելուց սպանության հոտ է գալիս, դե իսկ պատրաստ լինելը միայն դրսից հոխորտացող ուժին հակադարձելու մասին չէ, այդտեղ էլ արյուն կա, որովհետեւ «սրից եկողը սրով էլ կընկնի»: Ցանկացած սպանության մեջ ամենասարսափելին այն է, որ քեզ ավելի արժանի ես համարում ապրելու, քան քո զոհին:

Ռոզա Ալոյանն ապրում է, որովհետեւ «արժանի» է ապրելու: Ոչ հարազատ ամուսնուց ծնված իր երեխային զուգարանակոնքը խցկած հայուհին ապրում է, որովհետեւ չի ուզում ուրիշ հայր ունեցող իր երեխայով խայտառակ լինել ամուսնու եւ նրա հարազատների առջեւ: Բնականաբար, ապրելու ծարավից նա չի ուզում խայտառակ լինել:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իր գլխաբաց դաժանությամբ սպանության նոր էջ էր բացում: Այդ էջում գրված է` ոչ ոք իրավունք չունի ապրելու, որովհետեւ ես` մահմեդականս, ձեր ապառիկ զոհը, կանխիկացնում եմ մահը` դուք ինձ սպանելու եք, ես ձեզ սպանում եմ: Այս կանխիկացման կանխամիտումը զորահանդեսների մեջ կա:

Երբ հուլիսի 14-ին Ֆրանսիայի նախագահը գլխաբաց զգաստությամբ «սահում» է իր զինված ուժերի միջով, ապագայի ողջ արսենալը ֆրանսիացիների աչքից հեռու է: Ֆրանսիայի անկախությանը նվիրված զորահանդեսն առօրեական է, այնտեղ կան զինվորներ, բայց ոչ զինատեսակներ: Հաղթական կամարը գրել է զինված պատմության բոլոր էջերը, որպեսզի այլեւս ոչ մի տող չգրի: Դե, իհարկե, կա նաեւ ներխուժումը Լիբիա, Հասարակածային Գվինեա, հանուն դեմոկրատիայի հաղթանակի: Բայց դրա համար բռնապետությունն այլեւս առաջարկելու բան պիտի չունենա, որպեսզի ես` ֆրանսիացի ՆԱՏՕ-ականս, մտնեմ Լիբիա: Սակայն այսօր Եվրոպան արյունով ոչ մի տող չի գրում, եվրոպական ոչ մի երկիր հարեւան հասկացություն չունի, Ֆրանսիայի ամենամոտ հարեւանը Թուրքիան է: Ինչպես, ի դեպ, Հունաստանի: Եվրոպան այսօր զուտ անվտանգության եւ ապահովության գոտի է, համենայն դեպս այդ տեսլականն է հրում իր առջեւից: Անվտանգության եւ ապահովության գոտի է, որովհետեւ այսօր մարդն ավելի անկանխատեսելի է, քան պետությունները: Այսինքն` մարդն ընդդեմ պետության ավելի անկանխատեսելի է, քան պետությունն ընդդեմ մարդու: Որովհետեւ պետությունններն իրենց բաժին կանխատեսելիությունը դրել են այնպիսի հասարակարգի մեջ, որտեղ զենք ճոճելու կարիք չկա: 

Մարդն ավելի անկանխատեսելի է, որովհետեւ մարդը սպանում է իր նմանին` մեկտեղելով անկողնու սավանն իբրեւ խաղաղ քնի նախապայման եւ իբրեւ սպանության գործիք: Նշանակում է, ողջ ընթացքում սավանը զորահանդեսի մեջ էր, եկավ պահը եւ այն «կրակեց»:

Երբ Եհովայի վկան թակում է իմ բնակարանի դուռը, նա ինչ-որ իմաստով զորահանդեսի մեջ է, նա եկել է ասելու` տեսեք-տեսեք ինչ լավն եմ ես: 21-րդ դարի գլխավոր խնդիրը մարդուն դիմակայելն է, որովհետեւ մարդը ստեղծում է միայն մահվան գործիքներ, որովհետեւ մարդուց է սղվում մարդը, մարդու հետ է ծավալվում Մեֆիստոֆելը: Երբ գեներալ Մանվելը հերոս է, իսկ նախկին զինդատախազ Ջհանգիրյանը արդարության մարտիկ, դա զորահանդես է, որովհետեւ նրանք դառնում են մի սրբություն, որի շուրջ սերունդներ են շուրջպարվում` ինքնակայացման այլ տեսիլքների առջեւ փակելով իրենց աչքերը:

Վեց տարի առաջ մեր երկրին պատուհասած «Միասնության շուրջպարից» մեկ վայրկյան առաջ դեռ ծիծաղելի էր շուրջպարի միտքը: Մի քանի վայրկյան հետո այլեւս ծիծաղելի չէր, որովհետեւ մեր ապագայի ամբողջ արսենալն այդ օրը նախ անցյալի իսպառ բացառում էր պահանջում, ինչպես համակարգչից վերացնում են ավելորդ ֆայլը: Այդ արսենալն ասում էր` ջնջեք Չարենցի «...ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան...» բառերը, բանակից բացառեք ընտանիքն ու ապրելու պարտքը, թող սոցիալական արդարության ծարավը չանցնի, ինչպես Քրիստոսի կողքով չանցավ բաժակը:  Այդ արսենալը հարցնում էր` ունի՞ երկիրը չհերոսացված մի էջ: Ուրեմն պետք է հերոսացնել, ուրեմն ամեն օր պետք է հայտարարել վագրաթռիչք տնտեսական աճերի մասին, մարդն ամեն օր պետք է հեռանա իր պատմությունից եւ դառնա իր ապագայի միակ զինատեսակը: Այդ արսենալը պրպտում էր` կա՞ մեկը, որն այլ անելիք ունի, չարախոսելուց բացի, ուրեմն մենք գալիս ենք նրա մոտ: Այդ արսենալը սիրում է հանրահավաքներ, ընդունելություններ, պարգեւներ, մի խոսքով մենակ մարդուն չի սիրում: Միասնության շուրջպարը ապագայի արսենալի զորահավաքն է: Նա ոչ մեկին դեմքով չգիտի, որովհետեւ մինչեւ բոլորին մի լեռան շուրջ հավաքելը պետք է վստահ լինել, որ «սաչոկներ» չկան: Որովհետեւ հայտնի «ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» միտքը խրոխտ սովածին իր մեջ ներքաշելու կանխամիտում չունի: Որովհետեւ արդարությունը, մեկ մարդուն վերաբերող արդարությունը իր ծննդյան օրից է շուրջպարի մեջ, եթե մյուսները նույնպես` դատախազ, թե կոշկակար, գործազուրկ, թե հնարավոր հանցագործ, ամեն օր բացում են կիսատ սիրված մի սիրո նոր էջը, որպեսզի տեսնեն, պարզ տեսնեն մարդուն ու իմանան, որ մարդը շուրջպարի մսացու չէ, ինչպես զորահանդեսին ցուցադրվող զենքի մաս չէ, որ մարդը մահկանացու է եւ հենց այդ պատճառով ոչ մի գաղափարի հաղթանակին պիտանի չէ, գրողը տանի: Որովհետեւ զորահանդեսից մինչեւ շուրջպար եւ շուրջպարից մինչեւ զորահանդես կյանքը ճչում է զուտ անհատական ողբերգություններ եւ շուրջպարերը մեր մահացու միասնականությունն են ընդդեմ մահկանացուների, ընդդեմ մեզանից յուրաքանչյուրի ողբերգության, մեր պատասխանը եղած եւ լինելիք Ռոզա Ալոյանների, եղած եւ լինելիք ինքնասպանությունների, եղած եւ լինելիք «նախորդից ավելի լավ ընտրությունների», որոնց ծայրը չի երեում: Որովհետեւ ի՞նչ ունեք տալու ձեր շուրջպարով, տղերք, պարզ ասեք:


Սեյրան Հանոյան