Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին։
Նախքան լսումները, լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է. «Մարդիկ պետք է պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք գտնվում: Արդյունքը մեկն է՝ այս իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր անդամներին հանցակից է դարձնում բոլոր գործընթացներին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել, որոնք աղետալի փաստաթղթեր են, մեր պետության համար չափազանց կարևորություն ունեցող փաստաթղթեր են։ Դրանցից մեկով Արցախն է հանձվել։ Ոչ մեկը ոչ բերվել է Սահմանադարական դատարան, ոչ Ազգային ժողով, որևէ ընթացակարգով չի եղել, եղել է մեկ հոգու ստորագրությամբ։ Այս ամբողջ գործընթացները, ինչ տեղի են ունեցել, հիմա հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որը դեռևս երկրի կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է իր հանցանքի մեջ, որպեսզի ինքը միայնակ հանցագործ չլինի, բոլորը հանցակից դառնան»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, իրենք ամեն ջանքով կասեցրել են Հայաստանի պետականության կորստի վերջնականացումը. «Այն մտածումները, թե սկսեցինք, բայց կորցրեցինք, չհաջողեցինք Կիրանցի, Ոսկեպարի խնդրով, դա ճիշտ է՝ այդքանով սահմանափակված, բայց մնացած մեծ գործընթացները, որոնք տեղի են ունենում, բոլորը եթե վերջնականապես չեն կասեցվել, դանդաղել են, հետաձգվել են»։
Ըստ Սրբազանի, քանի դեռ այս իշխանությունները կան, պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է. «Այս մարդիկ անընդհատ խոսել են խաղաղության մասին, որը մուրացիկ խաղաղություն է։ Ոչ բանակցություններ կան, ոչ միջնորդավորված, երաշխքիներով գործընթաց, կա պարտադրանք-հարկադրանք: Կանեք՝ կստանաք, չեք անի՝ կստանաք մյուսը»: