կարևոր
2398 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 10:41
Քաղաքական

Անհույս անուղղելին․ «Հրապարակ»

Անհույս անուղղելին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ավելի քան մեկ տարվա բաժանումից հետո երեկ Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանական ընդդիմությունը կրկին հանդիպեցին ԱԺ-ում։ Փաշինյանը եկել էր ներկայացնելու կառավարության ծրագրի 2022-ի ընթացքի մասին զեկույցը։ Տպավորություն էր, որ կողմերը կարոտած էին միմյանց, հանդիպումն անցավ առանց լուրջ սրացումների, առանց բուռն կրքերի ու սադրանքների, առանց մատ կամ ուրիշ բաներ թափ տալու սպառնալիքների։ Գրեթե փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ընդդիմադիրների համար վարչապետը «պարոն Փաշինյան» էր, ում կարելի է հարցեր ուղղել ու լսել պատասխաններ։ Մինչդեռ անցած տարվա մարտի 24-ից խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը՝ համարելով, որ «այդ մարդու» հետ անիմաստ է ինչ-որ բանի մասին խոսելը, միեւնույն է՝ իրեն ինչ պետք է, դա է ասելու։ Այս առումով, իհարկե, դրական դինամիկա չկար՝ նա հերթական առիթն օգտագործեց կատարվածի մեղքը նախկինների գրպանը գցելու, իրեն արդարացնելու համար։ Նախկինում արած հայտարարություններին տրամագծորեն հակասող հայտարարություններ արեց։

Նախ՝ վերահաստատեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է, ոչ մի երաշխիք չկա, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հաջորդ օրը պատերազմ չի սկսվի Հայաստանի ու Արցախի դեմ: Ապա անցավ իր սիրած թեմային՝ նախկինների վրա պատերազմի մեղքը գցելուն, հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս, ու պետք է առերեսվել այս իրողության հետ։

«Փաստենք, որ դուք 5 տարի է՝ իշխանություն եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան ձեր բանակցածից։ Ի՞նչ եք դուք բանակցել»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով․ «Անգամ 2018-2020թթ․ միջակայքում, չնայած որ Հանրապետության հրապարակն ագորա էիք հռչակել, այդպես էլ ժողովրդին չներկայացրիք, թե ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին՝ խմբագրված տարբերակը բանակցությունների սեղանին եղել է 2019-ի ամռանը։ Դուք Մադրիդյան փաստաթուղթը ներառել եք Ձեր նախընտրական ծրագրում, հիմա հայտարարում եք, որ դրանով ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը։ Այս ամեն ինչի մասին Ձեր տարատեսակ կարծիքներն ու դիտանկյունը ե՞րբ է փոխվել»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք ասացիք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետեւ ես բան չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ 2019-ի ամռանը սեղանին դրված փաստաթուղթն ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է։ Դա այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից արեց հայտնի հայտարարությունը։ Ինքնորոշման հետ կապված՝ ես պարզ բան եմ ասում, իմ վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել։ Եթե Դուք նայեք 2019թ. մարտին ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթը, կտեսնեք, որ այն ժամանակ ասում էի նույն բանը, ինչ այսօր։ Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007-ին, եղել է հետեւյալը՝ մինչեւ ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»։ Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ, ինչպես հետագայում պարզվել է, 2019թ. սեղանին եղել է, այսպես կոչված, «փուլային» փաստաթուղթը, եւ Փաշինյանը 2 տարի հայ ժողովրդից թաքցրել է բանակցային գործընթացի նրբությունները։

«Զրոյական կետն այն է, որ ես ասել եմ՝ եկեք հասկանանք, թե ինչ է Մադրիդյան սկզբունքները, այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի։ Սա է զրոյական կետը, հարգելինե՛րս։ Հիմա իմ սխալը ո՞րն է՝ ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի եւ ասեի՝ ժողովուրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ, դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել ասել՝ գիտե՞ք ինչ, այս խաղն ավարտված խաղ է։ Եթե ինձ մեղադրում եք, գոնե սրանում մեղադրեք, գուցե դա կարելի է պոպուլիզմ էլ անվանել, մեղադրեք նրա մեջ, որ չեմ եկել ասել՝ այս խաղը պրծած խաղ է, եւ ինչքան ձգենք, այնքան ծանր հարված ենք ուտելու»,- ասաց Փաշինյանը, ով, փաստորեն, 2019-ին գիտեր, որ խաղն ավարտված է, բայց դա չէր խանգարում, որ 2020-ին հայտարարեր․ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։

Շարունակելով նախկինների հասցեին մեղադրանքները՝ Փաշինյանն ասաց․ «Էդ բոլոր մարդիկ, ովքեր տեղյակ էին, թող գրեին, ասեին՝ դու չես հասկանում․ քայլ 1, քայլ 2, քայլ 3, քայլ 5։ Կամ՝ արի հանդիպենք, մենք քեզ ասելու բան ունենք։ Թող ասեին, խի՞ չեն ասել, կարա՞ մեկը բացատրի»։ Մինչդեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ ասուլիսին ասել էր․ «Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ: Նա ասաց, որ շատ կարեւոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը եւ խոսեցինք: ...Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանն ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի եւ այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում