Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը հանձնելուց հետո այսպիսի անհույս ջղաձգմամբ իշխանությունը պահելու ջանքեր ես չեմ տեսել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արցախի տարածքները հանձնելու որոշման դեմ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաք-երթի ժամանակ։
«Անտրամաբանական վիդեոներ են սարքում, ինչ-որ կամուֆլյաժ հագած դերասաններ, նայում ես՝ ոնց որ հենց նոր դուրս է եկել գեղեցկության սրահից, մատները մանիկյուր արած տղաներ, որոնք իշխանության լակեյների թիմում գտնվող դերասաններից մեկի մասովկայի խմբակից են։ Դրանց հագցնում են զինվորականի շորեր, նստեցնում են։ Ա՛յ մռազ, որ կանգնում ու սպառնում ես՝ հեսա առաջնագծից իջնեմ, հաշվեհարդար եմ տեսնելու, սպասում եմ՝ «կալաշնիկով»-ովդ կիջնես, ես ու դու իրար հետ ենք խոսելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա սեփական ժողովրդի դեմ ինֆորմացիոն պատերազմ վարելու մեղադրանք հնչեցրեց նաև ՀՀ վարչապետին կից Հանրային կապերի ՊՈԱԿ-ի հասցեին։
«Այս ՊՈԱԿ-ի տխմարները ինչ-որ ձայնային մեսիջներով սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ են սկսել։ Նույնիսկ այն ամենաիմբիցիլ մասսան այլեւս չի հավատում այդ ձեր ծիծաղելի մեսիջներին»,-ասաց նա։
Զոհրաբյանի համոզմամբ՝ անիմաստ է կառչել իշխանությունից, համաշխարհային պատմության մեջ չկա եւ չի կարող լինել նախադեպ, երբ Արցախը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա։
«Եթե այսքան երեխա է մեռել, այսպիսի տարածքներ ենք հանձնել․․․ իմ կամ ընկերներիս ձերբակալությունը, կալանավորումն ի՞նչ է այն մայրերի կսկիծի դեմ, որոնք կորցրել են իրենց որդիներին։ Հիմա ձեր հանձնած տարածքներում մարդիկ իրենց տները վառում են, որ թուրքի փայ չդառնա, մարդիկ իրենց ծնողների, երեխաների շիրիմը գրկած դիմում են Կարմիր խաչ։ Լավ, էդ ինչքա՞ն թանկ բան է այդ իշխանությունը, որ ճանկռտելով կառչել եք իշխանությանը, ասում եք՝ եկեք համախմբվեք իմ շուրջ։ Էդ որ ձեր օֆիսներում ձեր խանութների պադվալներում համակարգիչները շարել եք, նստեցրել եք ամիսը 120 հազար դրամով հազարավոր ֆեյքերի՝ մեր ընտանիքներ մտնել եք տալիս, ամենանողկալի բաներն եք գրել տալիս, ամենախուլիգան բաներն եք գրել տալիս։ Դուք այլևս ձեզ համար փրկության հումանիտար միջանցք չեք թողել»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղեկություն կա ԲՀԿ-ական պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։
«Հոդվածն են մտածում։ Միջազգային բոլոր կառույցներն արդեն իմ կողմից զգուշացված են՝ կլինեն հայտարարություններ եվրոպական կառույցների կողմից։ Մեզանից որևէ մեկը չի ասել բան, որով դուք կփորձեք գործեր հարուցել։ 10-ից ավելի մեր գործընկերները, որոնք ձերբակալված են, նրանք քաղբանտարկյալներ են։ Իրեն ժողովրդավար հռչակած, ժողովրդի ամենաբարձր քվեով ընտրված ղեկավարի կողմից քաղաքական բանտարկյալների երկիր դարձավ»,-ասաց նա։
Զոհրաբյանը դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին. «Մենք տեսանք, որ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ հայտարարեցին՝ իրենք տեղյակ չեն եղել, որ իրենց անունից հայտարարություն է տարածվել, որոշները հայտարարեցին, որ տեղյակ են եղել հայտարարության մի հատվածից, մյուս հատվածն իրենց հետ համաձայնեցված չի եղել։ Դիմում եմ «Իմ քայլի» պատգամավորներին․ սիրելինե՛րս, հարազատնե՛րս, մի դարձեք դավաճանության մասնակից, այստեղ պրինցիպի խնդիր չկա, մենք հայրենիք ենք կորցրել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը վստահեցրեց, որ սոցիալական ցանցերում ֆեյքերի աշխատանքը ղեկավարում է անձամբ վարչապետ Փաշինյանը և ինքն անձամբ է ուղղորդում՝ ո՛ր ֆեյքն ում մասին ինչ գրի։
Աննա Բալյան