Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տևական ժամանակ է` շարժվում ենք միայն իներցիայի ուժով. իշխանությունն ու քաղաքական դաշտն իր ճանապարհով, հասարակությունն ու լայն իմաստով ժողովուրդը` իր: Անգամ չգիտենք` առաջ ենք գնում, թե հետ, դոփում ենք տեղում, թե անդունդն ենք գլորվում: Չկա մի ոլորտ, որտեղ գոնե ինչ-որ որոշակիություն լինի, որտեղ հասկանալի լինեն ընթացքի ուղղությունը, տեսլականը, նպատակակետը, դրան հասնելու եղանակները, ժամկետները:
Որևէ պատասխանատուի մոտ ինչ-որ բան փոխելու ցանկություն չկա, բոլորը սպասում են հանձնարարականի, իսկ այդ ընթացքում ընդամենը փորձում են սեփական PR-ն անել: Իսկ օր օրի մեծանում է իրականությունից փախչելու ներքին ձգտումը:
Մեծամասնությունը փախչում է ֆիզիկապես` շատ ավելի մեծ անորոշությունը նախընտրելով այս փոքր, բայց շատ ավելի ճնշող, ավերող անորոշությունից: Փախչում են` դերակատարներից վերածվելով դիտորդների` շառից, փորձանքից ու նաև պատասխանատվությունից հեռու:
Համատարած այս նիհիլիզմի պայմաններում կորչում է հույսը և հավատը սեփական երկրի, ճակատագրի, ապագայի նկատմամբ: Իսկ այն, որ իշխանությունը համառորեն ժողովրդի վզին է փորձում փաթաթել իր քարոզչամեքենայի ստեղծած «վարդագույն» իրականությունը, ավելի շատ հակառակ ազդեցությունն է ունենում: Դրանով նա փաստում է սեփական անհեռանկարայնությունը` էլ ավելի խորացնելով անհույս անորոշության զգացումը: