Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հրապարակվեց մեր աղետալի իրականությունն արձանագրող հանրային կարծքի մի ուսումնասիրության։ Նախ՝ հանրության թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երկրորդ՝ հասարակությունը համատարած հուսահատության և հոռետեսության մեջ է, հեռանկարի ամբողջական բացակայությամբ։ Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է և պետականության համար ինքնասպանական։ «Երբ բանակցողն, առանց քաղաքական պատասխանատվության գիտակցումի, հայտարարում է՝ «այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»։ Այս մասին Ազգայի Ժողովի քառօրյա նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այո, հայ ժողովուրդը համատարած հուսահատության մեջ է, և ոչ միայն պատերազմում կրած պարտության և անդառնալի կորուստների, կամ աշխարհաքաղաքական պատճառովներով։ Այլև փակուղային այն իրականության պատճառով, որի մեջ գոյատևում ենք․ քաղաքական պատանդներ, պետական և ազգային ինստիտուտների արժեզրկում, սահմանադրական նորմերի ոտնահարում, օկուպացված սահմաններ, ինքնության կորուստ, համատարած սուտ, անթաքույց կոռուպցիա, սոցիալական անլուծելի խնդիրներ: Նաև այն ուղղորդված քաղաքականության արդյունքում, որը մեթոդաբար ներշնչվում է հասարակությանը, թե ինքը «ցեղասպանվելու» մատերիալ է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ չի կարող մղձավանջի մեջ չհայտնվել մի ժողովուրդ, որի թիվ մեկ դեմքը, թշնամուն համահունչ, Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին՝ Չայզամի է կոչում։ Նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի իշխանություն, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը, հայտարարելով, թե «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետև չենք կարող տալ»․
«Մեր հաղթանակները մերժածներ, դուք բարոյական և քաղաքական իրավունք չունեք նվաստացնել մեր հավաքական արժանապատվությունն ու հեռանկարը: Դժվար թե չգիտակցեք, որ ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրսների թվում նաև տվյալ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրն է, ազգային տեսլականների և հաղթանակների շուրջ համախմբումը»,- ասաց նա:
ՀՅԴ-ական գործիչը նկատեց, որ ոչ պատահականությամբ, բյուջե 2023-ում Անկախության օրվա տոնակատարություն նախատեսված չէ․ «Բայց դուք սեփական իշխանությունն ավելի եք գանահատում, քան ներազգային համերաշխությունը։ Իշխանության եկաք «քաղաքացիական վրեժի և քաղաքական վենդետայի, բունտար համայնքապետերին ու ընդդիմադիրներին լռեցնելու, իրավապահ մարմինների դուբինկեքի և կրունկների տակ թողնելու խոստումներով»։ Քաղաքական մեծամասնություն, համոզված եմ, հիշում եք այս խոսքերը, գիտակցում, թե ուր եք հասցրել երկիրը և որտեղ եք հայտնվելու դուք»։
Պատգամավորը խոսքը ուղղեց մեր հայրենակիցներին, ասելով, որ մենք պատմականորեն ավելի աղետալի և անհույս ժամակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք․
«Մերն արժանապատիվ խաղաղությունն է: Կհաղթահարենք նաև հիմա՝ համազգային ներուժով, ազգային նպատակներին նվիրումով, չհանդուրժելով, որ մեջ արթնանա պարտությանը հաշտ, անհայրենիք տեսակը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։