կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 10:23
Քաղաքական

Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել։ Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը թույլատրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին 2023թ. ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջին նիստը չէր կայացել. դատավորը բացել է նիստը եւ փակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաեւ ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երեւան քաղաքում:

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում