կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 16:50
Իրավական

Սեդրակ Առուստամյանը 22 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառքը տվել է Գագիկ Խաչատրյանին. ԱԱԾ-ի հայտարարությունը

Սեդրակ Առուստամյանը 22 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառքը տվել է Գագիկ Խաչատրյանին. ԱԱԾ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԱԾ-ն ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած եւ նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված՝  արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար ձեւականորեն կնքվել է  փոխառության 2 պայմանագրեր:

Բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է, իսկ կաշառք վերցնողը՝ Գագիկ Խաչատրյանը։