Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության բոլոր քաղաքները, այդ թվում` Հրազդանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար, բնականաբար անհրաժեշտ է ժամանակ և պետական այրերի հետևողական աշխատանք: Արդյո՞ք այսօր հրազդանցին ապրում է ապահով կյանքով, որո՞նք են քաղաքի հրատապ խնդիրները, ի վերջո, ընտրություններից հետո ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում քաղաքում, yerkir.am-ը փորձեց պարզել Հրազդանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանից:
- Ընտրություններից հետո ի՞նչ նոր ծրագրեր ունեք` Հրազդանի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված:
- Հրազանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Առաջիկայում կլուծենք քաղաքաշինական խնդիրը՝ բազմաբնակարան շենքերի պահպանում, բարեկարգում, ինչպես նաև ավարտին կհասցնենք ջրամատակարարման ծրագիրը: Այժմ քաղաքում հողահատկացումներ են կատարվում: Կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը կապել իր հող ու ջրի հետ:
- Ինչպիսի՞ն է Հրազդանում երիտասարդության զբաղվածության մակարդակը:
- Մեզ մոտ երիտասարդության զբաղվածությունը նույնն է, ինչպես բոլոր քաղաքներում: Այդ առումով` Հրազդանում յուրահատուկ խնդիր կա. մոտ լինելով մայրաքաղաքին` մեր երիտասարդները ձգտում են իրենց զվարճանքներն այնտեղ անցկացնել: Բայց մենք այսօր երիտասարդությանը մեծ զբաղվածություն ենք ապահովում՝ ունենք մշակութային տներ, երեք մարզահամալիր, երաժշտական դպրոցներ:
- Ո՞րն է Հրազդանի թիվ մեկ հրատապ խնդիրը:
- Քաղաքում թիվ մեկ խնդիր գոյություն չունի, բոլոր խնդիրներն էլ առաջնային են, որոնց լուծումներն աստիճանաբար գտնում ենք: Այս ամենը կապված է ֆինանսական խնդիրներից, մեր քաղաքի բյուջեն ձևավորվում է գույքահարկի և հողահարկի մուծումներից: Այսօր ունենք ջրամատակարարման խնդիր, որն ինչպես նշեցի լուծում ենք, փողոցների բարեկարգման խնդիր կա, երբ ձմեռն անցնի, բնականաբար, ճանապարհները կքայքայվեն, և ջրափոսեր կառաջանան, դրանք պետք է նորոգվեն: Բազմաբնակարան շենքերի տանիքների մոտ 80%-ը վերանորոգված է, պետք է մտածենք հետագա վերանորոգումների մասին:
- Ի՞նչն է պատճառը, որ քաղաքի գրեթե բոլոր մանկապարտեզներում բացակայում է լոկալ ջեռուցման համակարգը, ե՞րբ հնարավոր կլինի այն ստեղծել:
- Հրազդանն այն եզակի քաղաքներից է, որտեղ գործում է 13 մանկապարտեզ: Լոկալ ջեռուցում չի եղել, քանի որ եղել են առաջնային խնդիրներ, որոնցից էր ջրամատակարարման, քաղաքի բարեկարգման, շենքերի պահպանության, ինչպես նաև աղբահանության խնդիրը: Մենք նախատեսել ենք այս տարվա ընթացքում քաղաքի մանկապարտեզներից 5-ը ջեռուցել: Մեր բյուջեի մեջ արդեն արտացոլել ենք այդ գումարների չափը:
- Հրազդանի երկաթի հանքի հնարավոր շահագործումը լուրջ հետևանք կարող է թողնել քաղաքին մատակարարվող ջրի, օդի մաքրության վրա: Որպես քաղաքապետ` Ձեզ չի՞ անհանգստացում այդ խնդիրը:
- Ինչպես հանրապետության նախագահն, այնպես էլ մենք բնապահպանների առաջարկությամբ խնդիր ենք դրել տվյալ ձեռնարկության առջև, որ պետք է առաջին հերթին մեզ ներկայացնեն բնապահպանական լուծումներ, առանց որի մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքում երկաթի հանք շահագործվի:
- Մինչ այժմ նման լուծումներ առաջարկվե՞լ են:
- Ոչ, այդ իսկ պատճառով մենք համապատասխան ծրագիր ենք ներկայացրել իրենց: Մենք նրանց պարտադրում ենք, որ պետք է բնապահպանական խնդիրները լուծվեն: Այդ առնչությամբ հանրային քննարկումներ լինեն, ապա նոր կշահագործեն:
- Ե՞րբ ավարտին կհասցվի քաղաքապետարանի դիմացի շատրվանների պուրակի և Հրազդանի մուտքի հուշակոթողի շինարարությունը: Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այն կիսատ է, չէ՞ որ խոստացել էիք` հնարավորինս արագ ավարտին հասցնել:
- Միանշանակ կարող եմ ասել, որ այս տարի ավարտում ենք: Այս տարի լրանում է մեր քաղաքի հիմնադրման 50-ամյակը, այդ կապակցությամբ մենք ֆինանսական միջոցներ ենք ներդնելու: Ավարտին չհասցնելու հիմնական պատճառը ֆինանսական միջոցներ չունենալն է: Մենք չէինք կարող մանկապարտեզի երեխաների բերանից կտրել և այդ շինարարությանը հատկացնել, քանի որ դա առաջնային խնդիր չէ: Շատրվանների պուրակի շինարարության 80%-ն ավարտել ենք, այս տարի ամբողջությամբ կավարտենք:
-Ինչպիսի՞ն է մշակությային կյանքը Հրազդանում:
-Ամեն շաբաթ Հրազդանում մշակութային միջոցառումներ են տեղի ունենում` մեր մշակութային գերատեսչությունների մասնակցությամբ: Լինում են ևաև մշակութային փառատոներ: Մեր շնորհալի երեխաներն ինչպես հանրպետությունում, այնպես էլ արտերկրում իրենց շնորհալի մոտեցումներով մեծ տեղ են գրավում տարբեր հարթակներում:
- 2009թ. մարտին Հրազդանի քաղաքային պատկերասրահից 18 նկարների գողությունը լուրջ մտահոգություն առաջացրեց բնակչության շրջանում: Ի՞նչ աշխատանքներ են տարվում հանցագործների բացահայտման ուղղությամբ, չէ՞ որ դա Հրազդանի մշակութային հարստության մասնիկն էր:
- Այդ խնդրով զբաղվում են համապատասխան իրավաբանական մարմինները: Մեր պատկերասրահը համայնքային ենթակայության գերատեսչություն չէ և մեր լիազորությունների տակ չի գտնվում:
- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:
- Մեր համաքաղաքացիներին և համերկրացիներին ցանկանում եմ, որ միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն, իրար սիրեն, հարգեն, համբերատար լինեն և ապագայի նկատմամբ հավատ ունենան, իմացեք, որ ամեն ինչ լավ է լինելու: